Աբովյան փողոցում կփակցվի Բաբկեն Ներսիսյանի հուշատախտակը
Հիմք ընդունելով կառավարության 1999 թ. օգոստոսի 31–ի «Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված կարգի 2–րդ կետը՝ Երևան քաղաքի ավագանին որոշեց համաձայնություն տալ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյանի հուշատախտակը Աբովյան փողոց հ. 21 հասցեում փակցնելու համար։ Այս մասին որոշման նախագիծը ներկայացվեց երեկ կայացած ավագանու նիստին:
 
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյանը ծնվել է 1917 թ. հուլիսի 18–ին Թիֆլիսում։ 1933 թ. սկսել է դերասանական գործունեությունը Թիֆլիսի Պատանի հանդիսատեսի հայկական թատրոնից, իսկ 1944–56 թթ. որպես դերասան հանդես է եկել Թիֆլիսի Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Գ. Սունդուկյանի «Պեպո», «Քանդած օջախ», Ա. Շիրվանզադեի «Քաոս», Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ», «Արտավազդ և Կլեոպատրա» և այլն: 1957 թ. նկարահանվել է հայկական ֆիլմերում` «Սայաթ–Նովա» (1960 թ.), «Հյուսիսային ծիածան» (1960 թ.), «Սարոյան եղբայրներ» (1968 թ.), «Քաոս», «Կամոյի վերջին սխրանքը» (1973 թ.) և այլն: Մահացել է 1986 թ. փետրվարի 14–ին Երևանում: