Հայ եկեղեցին այսօր նշում է Աստվածամոր ծննդյան տոնը
Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից:
 
Qahana.am-ը գրում է, որ Ս. Աստվածածնի ծնունդը նկարագրված չէ Աստվածաշունչ մատյանում, այն մեզ փոխանցվել է Եկեղեցու սրբազան ավանդությամբ: Կույսի ծնողները` Հովակիմն ու Աննան երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ վերջինս ամուլ էր: Եվ մի օր, երբ Աննան իջնում է պարտեզ՝ աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը եւ ավետում, որ զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը:
 
Աննան գոհություն է հայտնում Աստծուն, որ լսեց իր անդադրում աղոթքներն ու խղճաց իրեն: Նա խոստանում է իր զավակին Աստծուն նվիրել: Նույն այս տեսիլքը երեւում է նաեւ Հովակիմին` հայտնելով բարի լուրը: Ս. Կույսի հայրը նույնպես փառք է տալիս Բարձրյալին այդ մեծ շնորհին արժանանալու համար:
 
Աննան հղիանում է, ունենում մի աղջիկ, ում անվանում են Մարիամ, այսինքն` լուսավորյալ: Նա էր այն ընտրյալն, ում Աստված իր առաքինությունների ու արժանիքների շնորհիվ պատվեց լինել Աստծո մայրը: Ս. Կույսը տառապեց իր Որդու համար, սակայն երբեք չերկնչեց ու չընդդիմացավ Աստծուն` քաջ գիտակցելով Բարձրյալից իրեն վստահված առաքելության կարեւորությունը: Նա առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է:
 
Հայ Եկեղեցին Աստվածամոր ծննդյան տոնը հաստատուն կերպով տոնում է սեպտեմբերի 8-ին: