ԿԳ փոխնախարարի համար Անահիտ Բախշյանը «սուբյեկտ է» և ոչ կրթության փորձագետ
Կրթության ու գիտության նորանշանակ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, պարզվում է, Անահիտ Բախշյանին որպես կրթության փորձագետ չի ճանաչում։ 
 
«Ես այդպիսի մարդ չեմ ճանաչում, որ կրթության ոլորտի փորձագետ լինի ձեր մատնանշած սուբյեկտը։ Այդպիսի ավագանու անդամ ճանաչում եմ։ Եվ բոլորս քաջածանոթ ենք, որ այդ սուբյեկտն ընդամենը վերջերս ազատվեց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնից»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վահրամ Մկրտչյանը՝ արտահայտվելով Անահիտ Բախշյանի մասին։
 
Լրագրողների դիտարկմանը, թե ինչո՞ւ է այդպես արտահայտվում Բախշյանի հասցեին, ինչո՞ւ է նրան սուբյեկտ ասում, ԿԳ փոխնախարարն ասաց, որ սուբյեկտը վատ բան չէ։ 
«Բայց քաղաքական սուբյեկտ եմ ասում, վա՞տ բան եմ ասում։ Սուբյեկտը, դա լուրջ հասկացողություն է՝ սուբյեկտ, քաղաքական սուբյեկտ»,-փորձեց բացատրել փոխնախարարը։
 
Նրա խոսքով՝ Անահիտ Բախշյանը կրթության փորձագետ չէ, պաշտոնյա է և ինքը նրան ճանաչում է որպես քաղաքական գործիչ։
 
Անահիտ Բախշյանը, հիշեցնենք, պահանջում է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հրաժարականը, քանի որ նա ոսկե մեդալ է շնորհել Հրազդանի քաղաքապետի որդուն, որը ամիսներ առաջ ավտովթարի էր ենթարկել մի տղամարդու՝ դառնալով նրա մահվան պատճառը։ Վահրամ Մկրտչյանը Լևոն Մկրտչյանի հետ միասին նույն տրամաբանությամբ է արդարացնում, որ այդ դեպքը քաղաքապետի անչափահաս որդու գիտելիքների հետ կապ չունի։