Թուղթ են մրոտումՄի շարք նախարարություններում դժգոհություններ կան տեխնոկրատների կառավարության գործելաոճից։ Աշխատակիցները նշում են, որ ամեն օր մի նոր հանձնարարական են ստանում կառավարությունից՝ զանազան հաշվետվություններ, վերլուծություններ կազմելու համար, որոնք պատրաստելը բավական աշխատատար է, իսկ տված օգուտը՝ անհայտ։
 
«Կառավարման մոդել չկա, կառավարության վարչությունները, մեկը մյուսից անտեղյակ, սարսափելի մեծ ծավալի աշխատանքներ են հանձնարարում կարճ ժամկետներում, հաճախ նույն հանձնարարությունը երկու տարբեր վարչություն տալիս է այլ ձեւակերպմամբ։ Անհեթեթ հանձնարարականների ձեռքը կրակն ենք ընկել, բայց ո՞վ կարող է խոսել, այն էլ այս օպտիմալացումների ֆոնին նախարարություններում գժվում են դրանց ձեռքին։
 
Ամենավատն այն է, որ իրենց ուղիղ գործը թողած՝ նախարարություններում ամբողջ օրը թուղթ են մրոտում, հաշվետվություն սարքում, ահավոր շատացել է թղթաբանությունը։ Իբր եկել էին բան փոխելու, բայց նույն բանն ամեն ամիս ուզել կլինի՞։ Տարիներ ի վեր աշխատում ենք, հաշվետվություններ կան ամսական, եռամսյակային, կիսամյակային, տարեկան, մեկ էլ կզարթնեն, թե բա՝ էսինչ ոլորտով 6,5 ամսվա արածները ներկայացրեք։ Իսկ իրենց ջահելներն ամբողջ օրը թանկարժեք լանչեր են անում՝ սրճարաններում քահ-քահ ծիծաղելով, ուշադրություն գրավելով, թե՝ տեսեք, տեսեք, մենք կառավարության աշխատակից ենք»։