Երբ Բանակի օրվա առթիվ մեր պաշտոնյաները «մարշրուտկով» Եռաբլուր գնացին, վարչապետը՝ «ինչու՞ մարշրուտկով» լրագրողի հարցին այսպես պատասխանեց․ «Արարողակարգին հարցրեք»: Այսինքն դա արարողություն էր։ Իրենք արարողություններով, ավանդույթներով, ազգային սովորույթներով առաջնորդվող առաջնորդներ են։ Բան չունեմ ասելու․ վատ չի։
 
Բայց անտարբեր չեմ կարող անցնել որերորդ անգամ աչքովս ընկնող այս լուսանկարը։
 
Եռաբլուր այցելած պաշտոնյաները, ովքեր արարողության են գնում, մտնում են տարածք, հող, ուր երիտասարդների զոհաբերած կյանքեր են։ Հանգած, քարերի տեսքով կենդանի կյանքեր, ովքեր ոգեշնչում են ապրողներին։ Նրանք կամովին հայրենիքին «մատաղ են արել» իրենց կյանքը։ Սրբազան սարսուռն այս տարածքում էլեկտրահարում է յուրաքանչյուր հայի։
 
Արարողությամբ առաջնորդվող պաշտոնյաները մոռացե՞լ են, որ սա ևս արարողություն է։ Որ նման արարողության ժամանակ դժվար է ժպտալ, ուրախանալ, (անգամ ամոթ է՝ բարձրաձայնել ծիծաղել բառը) մանավանդ, երբ իրենց են նայում ողջ ազգի աչքերը, զոհվածների հարազատների հայացքներն են սառում․․․
 
Միայն Կարեն Կարապետյանը չի ժպտում, այն էլ՝ հարգելի պատճառով․․․
 
Մարդկանց զարմանքն է պատճառը, որ այս լուսանկարը չի իջնում սոցիալական ցանցերի պատերից։
 
Ինչևէ Եռաբլուր տանող ճանապարհը սուրբ արարողություն է։ Այնտեղ մեր հերոսներն են ննջում, ովքեր պատմություն են ու մեզ հետ չեն։ Այդ ճանապարհին մարդիկ ծանրորեն լռում են՝ խոսելով իրենց հետ։ Իսկ պաշտոնյաները․․․
 
 
Հասմիկ Բաբաջանյան