Սա էլ որերորդ դեպքն է, երբ լսում ենք՝ զինվորը մահացու վիրավորումն ստացել է մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով։ Ու որերորդ դեպքը, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ժամկետային զինծառայողը ձերբակալվել է:
 
Միասին մտածենք․ եթե ամեն ինչ այդպես է, ինչպես հայտնվում է, ուրեմն անփորձ զինծառայող է եղել, ով չի տիրապետել զենքի օգտագործման տեխնիկային։ Ինքը չի հասկացել, որ հրացանը կարող է կրակել, որ փողը չեն պահում որևէ մեկի ուղղությամբ , չի իմացել, որ փողը լիցքավորված է։ Ամենակարևորը՝ չի պատկերացրել, որ զենքը կարող է կրակել։
 
Խոսք չունեմ՝ չիմացության, ոչ դիտավորության համար համար զինվորին կալանավորում, լավ եք անում, բայց ու՞մ մեղքն է, որ զինվորը տարրական այս այբբենին չի տիրապետում։ Ո՞վ է պատասխանատուն, որ հոր, եղբոր նման պետք է զինվորներին սովորեցներ զենքին տիրապետելու արվեստը, բացատրեր, որ զենքի հետ կատակ չեն անում։
 
Ինչու՞ երբևէ չենք լսում, որ այդ պատասխանատուի նկատմամբ ևս գործ է հարուցվել։ Չէ՞ որ սա եզակի դեպք չէ, նման դեպքերը շատ են և ծնողների մոտ անվստահության մթնոլորտ է ձևավորվում։ Ինչպե՞ս ծնողը հավատա, որ իր զինվոր որդու ուղղությամբ պատահական են կրակել։ Պատահական են սպանել։ Մի՞թե չեք լսում այն ծնողների ձայնը, ովքեր տարիներ շարունակ ողբում են, որ իրենց տղաներին սպանել են։
 
Այս կասկածը, անվստահության սողանքը կարելի է վերացնել պարզ մեխանիզմով՝ ձերբակալել ոչ միայն զինվորին սպանողին, այլ պատասխանատվության ենթարկել նաև զենքի հետ վարվել չսովորեցնող պատասխանատուին։ Այլապես զենքի հետ վարվելու կանոնները խախտելուց ավելի շատ զինվոր կկորցնենք, քան թշնամու գնդակից։
 
Հիշեցնենք, որ** **2018թ. հունվարի 27-ին՝ ժամը 16:25-16:45-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում գլխի ճակատային շրջանում մահացու հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հովսեփ Կարենի Գրիգորյանը: Նախնական տվյալներով՝ շարքային Հովսեփ Գրիգորյանը մահացու վիրավորումն ստացել է մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:
 
 
Հասմիկ Բաբաջանյան