Ավելի լավ ա մարդուն հայհոյես, քան հարցնես ո՞նց ես. կյանքը սահմանամերձ գյուղում չի լավանում
Բերքահավաքի ամենաեռուն շրջանում Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի՝ այժմ Նոյեմբերյանի կազմում, բնակիչներն անգործ են: Այստեղ վարելահողերը չեն մշակվում: Հողերի մի մասը սահմանին են՝ անվտանգությունից ելնելով ոսկեպարցիներն այնտեղ ոտք չեն դնում: Մյուս մասն էլ այլ պատճառներով չի մշակվում: «Մեխանիզացիա չկա, տրակտոր չկա, ո՞նց մշակենք»,– բողոքեց ոսկեպարցի Սպարտակ Կոստանդյանը:
 
Տարիներ առաջ ոսկեպարցիները գյուղտեխնիկայից չէին դժգոհում: Կոմբայն կար, սակավահող գյուղում եղած տեխնիկան բավարարում էր գյուղացիներին: Արտագաղթը, սակայն, Ոսկեպարի միակ տեխնիկան տարավ: «Կոմբայնավարը տեխնիկան ծախեց, գնաց Ռուսաստան: Ստեղ չէր կարողանում դրանով վաստակել, քիչ էր աշխատում, գնաց»,– պատմեց Ոսկեպարի տարեց բնակիչներից Ռազմիկ Բեգլարյանը:
 
Հետո աչքերը լցվեցին՝ ինքն էլ է մենակ մնացել: Երկու որդիները Ոսկեպարում աշխատանք չունենալու պատճառով Ռուսաստան արտագնա աշխատանքի են մեկնել: Կինն էլ պատերազմի տարիներին է մահացել՝ վախից: Ադրբեջանական կողմը սահմանապահ Ոսկեպարի վրա հաճախ էր գնդակոծում, Ռազմիկ Բեգլարյանի կնոջ առողջությունն էլ կրակոցների պատճառով քայքայվեց: 82–ամյա ոսկեպարցին հետո ինքն իրեն մխիթարեց՝ գյուղում իր նման շատերը կան՝ մնացել են ծերերով:
 
«Ռուսաստան մի տեղ կա՝ 130 ընտանիք մեր գյուղից են»,– ասաց ոսկեպարցին՝ ոչ մի կերպ չհիշելով այդ քաղաքի անունը, տարիքի հետ հիշողությունն է վատացել, ամեն ինչ չի հիշում:
Գյուղամիջում՝ նստարաններին, կողք կողքի ոսկեպարցի տարեց բնակիչներն են նստած:
 
Հուղարկավորումից են գալիս, բայց միայն այսօր չէ, որ հավաքվել են գյուղի կենտրոնում, մշտապես այստեղ են: Նրանք իրենց 80–ամյա համագյուղացիներից մեկին են հրաժեշտ տվել: Սերյոժա պապն ասաց, որ մնացածներն էլ գերեզման գնալու իրենց հերթին են սպասում:
 
«Տարին 20 մահ ենք ունենում, որովհետև ջահելները փախել են, մնացել ենք պառավներով: Գյուղում մի 30 ընտանիք կա, որտեղ երեխեք կան, մնացածը, որ դուռը թակես, մի պառավ մարդ ու կնիկ կտենաս: Էս տարի գյուղումը 17 մահ է գրանցվել ու ոչ մի ծնունդ»,– բարկությունից ձեռնափայտն անկանոն շարժելով ասաց Սոկրատ Պապյանը:
 
Սահմանապահ Ոսկեպարի դպրոցում 60 երեխա է սովորում։ Սեպտեմբերի մեկին չորս առաջին դասարանցի են ունեցել:
 
Իր ապրուստից հետաքրքվողների վրա բարկանում է Մնացական պապը:
 
«Էս թվին մարդուն կհարցնեն ո՞նց ես ապրում: Հիմա ավելի լավ ա մարդուն հայհոյես, քան հարցնես՝ ո՞նց ես ապրում»,– զայրացավ նա:
 
Այստեղ ոչ ոք իր ապրուստից գոհ չէ: Նույնիսկ անասնապահությամբ չեն զբաղվում: Հակառակորդի ափի մեջ գտնվող Ոսկեպարում խոզաբուծությունն է միայն զարգացած, բայց այն էլ վերջին երկու տարիներին ևս հետընթաց է ապրում:
 
«Հիվանդություն կա խոզերի, չգիտենք ինչիցն է: Իմ բաջանաղն էլ վախից մինչև հիվանդություն կըպնիլը իրա 30 խոզը ծախեց»,– ասաց գյուղացին:
 
Թեև կառավարությունը սահմամերձ գյուղերի բնակիչների հողի, ջրի և գազի վարձը զեղչում է, բայց դա, ըստ գյուղացիների, աննպատակ է:
 
«Գազ չունենք մեր տներում, ի՞նչ արտոնություն, 7 գյուղում գազի խողովակները քաշած են, բայց գազ մեջը չկա»,– ասաց ոսկեպարցին:
 
Ոսկեպարցիների պնդմամբ՝ համայնքների խոշորացումն էլ իրենց ոչինչ չի տվել՝ ուզեցին ունքը սարքեն, բայց աչքն էլ հանեցին:
 
Սահմանամերձ գյուղի բնակիչների խոսքով՝ այսօր իրենք աշխատանքի կարիք ունեն և աշխատատեղեն պահանջում: