Միջազգային փորձագետներն ուսումնասիրում են «Նաիրիտի» գործարանըՕգոստոսի 28-ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տարածքում բռնկված հրդեհի հաջորդ օրը ՀՀ ԱԻ նախարարությունը դիմել էր միջազգային կազմակերպությունների օգնությանը՝ խնդրելով փորձագիտական առաքելություն ուղարկել Հայաստան: ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող գրասենյակի միջոցով (UN OCHA) այդ հայտին պատասխանել են Եվրոպայի արձագանքման համագործակցության կենտրոնը (ERCC), ինչպես նաև Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDCA)` Հայաստան գործուղելով միջազգային երեք փորձագետ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը:
 
Սեպտեմբերի 11-ին փորձագետները ժամանել են Հայաստան և այցելել ՀՀ ԱԻ նախարարություն, որտեղ նրանց ներկայացվել է գործարանի ներկա վիճակն ու առկա խնդիրները: Դրանից հետո նրանք այցելել են «Նաիրիտ» գործարան՝ տեղում ծանոթանալու հրդեհի հետևանքով այրված պահեստարաններին և գործարանի տարածքում պահվող քիմիական նյութերին: «Նաիրիտի» գործադիր տնօրեն Ռ. Սաղաթելյանը փորձագետներին հակիրճ ներկայացրել է գործարանի պատմությունը, հրդեհից հետո ստեղծված իրավիճակը, գործարանի տարածքում պահպանվող նյութերը և դրանց բնութագրերը:
 
Փորձագիտական խումբը Հայաստանում կաշխատի երկու շաբաթ՝ հետազոտություններում ներգրավելով նաև այլ շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների: