Այս պատմությունը շատ տիպիկ է, պիտի պատմեմ։Կոմունիստների ժամանակներն էին։ Գորիսի կոլխոզներից մեկի նախագահը, հիմա չկա, համով- հոտով մարդ էր։ Ուներ չորրորդ դասարանի կրթություն, բայց աշխատանքի մեջ «տրակտոր էր»։ Լրագրողներից զանգել էին իրեն, թե «ինտերվյուի ենք գալիս»։ Նա էլ կովկիթներին հավաքել էր՝ «ինտերվյուի են գալիս»։ Մեկը հարցնում է՝ ընկեր Բակունց, ի՞նչ է «ինտերվյուն»։ Բակունցն էլ թե՝ ավել պակաս հաչումիք (չհաչաք), քյացեք տակի շուրուրնիտ (շորերը) փոխեք։
 
Հիմա մեր նախագահի թեկնածու կամ համարյա նախագահ Արմեն Սարգսյանն է։ «Ինտերվյուներ» է անցկացնում, բայց չի պատկերացնում, որ իր տված «ինտերվյուն իրեն վնասում է»։ Արամ Աբրահամյանը հարց է ուղղում նախագահի թեկնածուին, նա էլ թե՝
 
-Շատ նուրբ ժուռնալիստի տրված հարց է․․․
 
Նուրբ ժուռնալիստս ո՞րն է։ Առաջին անգամ եմ լսում, որ տղամարդը տղամարդուն նման բան ասի։ Բա մեր լրագրողի փոխարեն չվիրավորվե՞նք․․․
 
Բակունց Սուրենին նման բան կարելի էր, բայց ինքը․․․ Ինչպես Սարոյանն է ասում՝ գրագետ, հազար համալսարան ավարտած․․․
 
Մեկ էլ որ չի ասում․
 
-Եթե Ժակ Դելառոսիեն, հանրապետության նախագահը, Վազգեն Սարգսյանը և գործընկերները ժամանակին ինձ չստիպեին զբաղվել իմ առողջությամբ, հիմա դուք հավանաբար ուրիշ մարդու հետ զրուցելիս կլինեիք․․․
 
Ախր նման բաները արդարացման նման են հնչում․․․ Ավելի լավ չի լինի՞ «ինտերվյու չտաք», համաձայն ենք՝ սուսուփուս եկեք․․․
 
 
Հասմիկ Բաբաջանյան