Այսօր՝ փետրվարի 1-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը Խանջյան փողոցի վրա գտնվող «Թեքեյան» մշակութային կենտրոնի մոտից Երևանի հիվանդանոցներից մեկն է տեղափոխել մի քաղաքացու։
 
Պարզվել է՝ այդ քաղաքացին Երևանի բնակիչ՝ 43-ամյա Գ. Հ.-ն է, ով ուժային կառույցներից մեկի աշխատակից է, կոչումով փոխգնդապետ։ Վերջինս թոքի հատվածում ստացել է սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարված ու մինչ բժիշկները կպայքարեին փոխգնդապետի կյանքի համար, Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ պարզել են կասկածյալի ինքնությունը, ով Աբովյան քաղաքի բնակիչ, 39-ամյա Վարդան Գ.-ն է։
 
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները կասկածյալին հայտնաբերել և բերման են ենթարկել Ոստիկանության Կենտրոնական բաժին։
 
Դանակահարությունը տեղի է ունեցել «Թեքեյան» կենտրոնի 1-ին հարկում։