Միշտ ծագելու է հարցը՝ արդյոք բավարա՞ր է այդ չափը. Դավիթ Հարությունյանը՝ ծննդյան նպաստների մասին
Երեխայի ծննդի միանվագ դրամական նպաստ ստանալու գործընթացն էլեկրոնային համակարգով կազմակերպելը հնարավոր է կրճատի կոռուպցիոն ռիսկերը, ժամանակն ու ռեսուրսները: Ասյ մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
 
«Այդ աշխատանքն անըդհատ կատարվելու է, նորանոր ծառայություններ ենք ներմուծելու, որոնք կսպասարկվեն մեկ պատուհանի սկզբունքով: Ժամանակակից տեխնոլոգիաները էական հնարավորություններ են ստեղծում կրճատել շփումն ու ժամանակը պետական տարբեր ատյաններին դիմելու առումով: Սա նաեւ կրճատում է կոռուպցիոն ռիսկերը», - ասաց նախարարը:
 
Նրա խոսքով, եթե նախկինում որոշում կայացվեց եւ ծննդյան ակտը գրանցելու համար քաղաքացին պարտավոր չէր բժշկական հաստատությունից տեղեկանք ներկայացնել, դա կատարվում էր էլեկտրոնային եղանակով, ապա հիմա կառավարությունն անում է հաջորդ քայլը. «Անձը, եթե ուզում է ստանալ երեխայի ծննդյան համար նպաստը, պարտավոր չէ օգտագործել մի քանի մարմինների ծառայություններ, ընդամենը երեխայի ծնունդը գարցնելիս կարող է ընդամենը ներկայացնել իր հաշվեհամարը եւ այդ ամենը կկարվի ինքնաշխատ եղանակով»:
 
Անդրադառնալով երեխաների ծննդյան նպաստների չափերին՝ Դավիթ Հարությունանը նշեց, որ բյուջեն ունի որոշակի ռեսուրսներ եւ միշտ ծագելու է այն հարցը, որ դրանք քիչ են, բայց արվում է հնարավոր ամեն բան՝ քաղաքացիների համար այդ գործընթացը հնարավորինս հեշտացնելու ուղղությամբ:
 
Նշենք, որ «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու եւ վճարելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ առաջին կամ երկրորդ երեխայի միանվագ նպաստի չափը  50 000 դրամ է, երրորդ կամ չորրորդ երեխայինը՝ 1 մլն  դրամ, որից հինգ հարյուր հազար դրամը վճարվում է երեխայի անունով բացված պետական աջակցության հաշվին մուտքագրելու միջոցով, իսկ  հինգերորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 500 000 դրամ, որից 1 միլիոն դրամը վճարվում է երեխայի անունով բացված պետական աջակցության հաշվին մուտքագրելու միջոցով: