«Մենք շատ տարբեր բնավորություններ ունեինք, դրա համար էլ բաժանվեցինք». այսպիսի հայտարարություն կարելի է շատ հաճախ լսել այն մարդկանց շուրթերից, ովքեր վերապրել են իրենց ամուսնական կյանքի կործանումը: Մարդկանց մեծ մասն ապահարզանի այս պատճառն ընդունում է հիմնավոր և բավարար. «Դե ինչ արած,- հառաչում են նրանք,- նման մարդու հետ իրոք որ ապրել հնարավոր չէր»: Սակայն իրականությունը ցույց է տալիս, որ ամեն բան չէ, որ բնավորության հետ է կապված, այլ ինչ-որ մի այլ բանի հետ նույնպես: Երևի մարդիկ չգիտեն այն միջոցների մասին, որոնք ամրացնում են ամուսնությունը: Հենց դրանք էլ այսօր ձեզ կներկայացնեմ.
 
Սեր
 
Արդյոք շա՞տ մարդիկ են այսօր ամուսնանում՝ սիրուց դրդված: Եվ ի՞նչ է սերը: Գուցե մարդկանց թվո՞ւմ է, թե իրենք սիրում են միմյանց: Ի դեպ՝ ոմանք այդպես էլ ասում են, որ իրենց մոտ սեր չի եղել, այլ միայն սիրահարվածություն, և դառնորեն սխալվել են իրենց ընտրության մեջ: Եվ որքա՜ն շատ սխալներ կան մեր շուրջը, և սա այն դեպքում, երբ այսօր երիտասարդները փակ աչքերով չեն ամուսնանում, այլ նրանք ավելի մեծ ազատություն ունեն՝ միմյանց հետ շփվելու, ճանաչելու:
 
Խնդիրն այնքան մեծ է, որ արդեն համընդհանուր բնավորություն է ձեռք բերում: Իսկ ինչ է ասում Աստվածաշունչն այս առիթով. «Սերն Աստծուց է» (Ա Հովհաննես 4.7): Եվ Աստված է ճշմարիտ սերը: Ինչո՞ւ եմ սա ընդգծում: Որովհետև հաճախ մարդիկ սեր են անվանում այն, ինչն իրականում սեր չի: Օրինակ՝ ամուսինը ունենալով օրինական կին՝ արտամուսնական կապի մեջ է մտնում այլ կնոջ հետ և այդ հարաբերություններն անվանում սեր: Սակայն Աստվածաշունչն այդ երևույթը ոչ թե սեր, այլ շնություն է կոչում: Հին Կտակարանի ժամանակներում այդ մեղքը մահով էր պատժվում:
 
Սերը միջոց է, որն ամրացնում է ամուսնությունը: Եվ քանի որ Աստված սեր է, Նա է ամրացնում ամուսնությունը: Սերը հարատև է, այն չի վերջանում: Աստված հարատև է, ուստի և Նրա սերն է հարատև: Աստծո սերը կարող է մեր սրտերում լինել միայն այն դեպքում, երբ մեր սրտում բնակվում է Աստված: Բայց ինչպե՞ս է դա կատարվում: Աստվածաշունչն այդ հարցին էլ է պատասխանում. Հիսուսն ասում է. «Եթե մեկն ինձ սիրում է, իմ խոսքը կպահի, և իմ Հայրը կսիրի նրան. նրա մոտը կգանք և բնակություն կանենք նրա մոտ» (Հովհաննես 14.23): Ահա որ դեպքում Աստված կբնակվի մարդու մեջ, և մարդը կստանա անվերջանալի աղբյուրը Աստծո սիրո, որն էլ կամրացնի ամուսնական հարաբերությունները:
 
Սեփական սխալների ընդունումը
 
Մարդը միշտ էլ դժկամությամբ է ընդունում իր սխալները՝ սկսած Ադամից: Շատ տհաճ է, երբ մեղավորը չի ընդունում և ներողություն չի խնդրում իր մեղքի համար: Անգամ դատարանում մեղավորի սրտանց խոստովանությունն ու զղջումը մեղմացնում է նրա պատիժը: Մի տարեց կին մեկ անգամ ասաց, որ նա իր ողջ կյանքում իր ամուսնուց ներողություն չի խնդրել: Եվ երբ հարցրեցի՝ իսկ երբևէ մեղավոր եղե՞լ է նա իր ամուսնու առջև, պատասխանեց, որ՝ ոչ: Ինչպե՞ս կարելի է դա: Հնարավոր չէ, որ մարդիկ ամբողջ կյանքում միասին ապրելով՝ իրար հանդեպ ոչ մի սխալ կամ մեղավորություն ունեցած չլինեն:
 
Միմյանց առջև սխալի խոստովանությունը ամրացնում է ամուսնությունը: Մի մտածեք, թե ընդունելով ձեր մեղքը՝ ձեզ կոտնահարեն: Այսպիսի մոտեցումը կխստացնի ձեր սիրտը, և դուք երբեք ներողություն չեք խնդրի: Իսկ խստացած սրտով երկար խաղաղ ամուսնական հարաբերություններ հնարավոր չէ ունենալ:
 
Ներում
 
Ամուսնական կյանքում հնարավոր է լինեն պահեր, երբ ձեր կողակիցը ձեզ վիրավորի: Գուցե ձեզնից մեկն ասի ոչ ճիշտ խոսք, այն էլ ոչ ճիշտ պահին՝ այդպիսով վիրավորելով մյուսին: Խոսքը հաճախ շատ ուժգին է վիրավորում մարդու սիրտը, և դիմացինն էլ դրան պատասխանում է՝ ավելի ուժգին վիրավորելով:
 
Ինչպե՞ս խուսափել դրանից: Աստվածաշունչն ասում է. «Եվ իրար հետ քաղցր եղեք, գթած՝ իրար ներելով, ինչպես Աստված էլ Քրիստոսով ձեզ ներեց» (Եփեսացիս 4.32): Եթե ամուսնիններից գոնե մեկը վիրավորանքի ժամանակ հիշի, թե որքան է իրեն ներվել Աստծո կողմից, ապա նա էլ առանց պայմանականության կների իր կողակցին: Ներումը ամուսնությունը ամրացնող հզոր միջոց է:
 
Օրհնություն
 
Ամուսնացող մարդկանց անհրաժեշտ է ծնողների օրհնությունը: Մտածեք մի պահ. եթե որդին անտեսելով ծնողների կամքը՝ ամուսնանում է մի աղջկա հետ, որին նրանք չեն ընդունում և ընդդիմանում են այդ ամուսնությանը, կարո՞ղ են արդյոք նրանք մաքուր սրտով նրանց բարին կամենալ ամուսնանալուց հետո: Եթե լինի էլ նման մի բան, դա կլինի խաղ: Բայց ամեն հարմար առիթի դեպքում ծնողները կհանդիմանեն իրենց որդուն: Եվ հակառակը՝ եթե աղջիկն ընդունվի և սիրվի տղայի ծնողների կողմից, վերջիններս ամեն բան կանեն՝ օգնելու նորաստեղծ ընտանիքին ամրանալու մեջ:
 
Սակայն ամենակարևորը կայանում է Աստծո օրհնության մեջ, որը գալիս է այն ժամանակ, երբ երիտասարդները հետևում են Նրա Խոսքին և պատվում այն՝ իրենց հնազանդությամբ: Այս դեպքում Աստված կպաշտպանի ամուսնությունը և համերաշխություն կբերի ընտանիքում, նաև մյուս անդամների հարաբերություններում:
 
Աղոթք
 
Միաբան աղոթքը ամրացնում է ընտանիքը: Ամեն անգամ, երբ ամուսիններով միասին կենդանի Աստծո առաջ են գալիս՝ Նրան երկրպագելու և ներակայացնելու իրենց կարիքները, Աստված Իր սերն ու բարեհաճությունն է լցնում նրանց միության վրա: Աստծուն կարելի է ամեն բան պատմել, անգամ ձեր անհամաձայնությունները որևէ հարցի շուրջ, և Նա գերբնական կերպով կլուծի ու ելք ցույց կտա ցանկացած իրավիճակից:
 
Հնազանդություն
 
Ամուսնությունը, որտեղ չկա հնազանդություն, անպայման կքանդվի: Աստծո Խոսքն ասում է. «Իրար հնազանդ եղեք Աստծո վախովը» (Եփեսացիս 5.21):
 
Եթե ամուսիններից մեկի պահանջը չի համապատասխանում Աստծո Խոսքին, ուրեմն այն քրիստոնյայի կողմից չի կարող կատարվել: Դրա համար առաջին հերթին քրիստոնյա ամուսինները, եթե ուզում են ունենալ ընտանեկան երջանկություն, պետք է նախ հնազանդվեն Քրիստոսին: Դրանից հետո Աստծո Խոսքի համաձայն՝ կինը պետք է հնազանդվի ամուսնուն՝ ինչպես Տիրոջը: Հնազանդությունը բժշկում և ամրացնում է ամունությունը:
 
Երեխաները
 
Մեկ անգամ ես և իմ կինը լուրջ խնդիրներ ունեինք միմյանց հետ, և մենք խոսում էինք բարձր տոնով՝ չնկատելով ինչ է կատարվում մեր շուրջը: Հանկարծ այդ պահին իմ ձեռքից քաշում է տասնամյա դուստրս ու իր քնքուշ բայց խիստ ձայնով ասում. «Մի վիրավորեք միմյանց, մի վիճեք»: Երեխաները շատ նրբազգաց են, նրանք մեծ ցավով են ընդունում ծնողների միջև տեղի ունեցող ցանկացած վեճ: Հաճախ հենց երեխաների շնորհիվ են լուծվում ընտանիքում շատ մեծ խնդիրներ ու անհամաձայնություններ: Օրինակ, շատերը կհամաձայնվեն, որ ամուսինները հաճախ չեն բաժանվում միմյանցից միայն հանուն երեխաների, իսկ որոշ ժամանակ անց ամեն խնդիր հարթվում է, և նրանք այնքան ուրախ են լինում, որ ժամանակին չեն արել այդ սխալ քայլը: Այո՛, երեխաները ամրացնում են ընտանեկան հարաբերությունները:
 
Վասիլիյ Տրուբչիկ