Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 4-ին, Շիրակի մարզում տեղի ունեցած կողոպուտի ահազանգի փաստով։
 
Ժամը 04։00-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 47-ամյա Նատալյա Վորոբյովան Ոստիկանության Մուշի բաժին ահազանգել է, որ Գյումրի քաղաքի Անի թաղամասի 7-րդ փողոցի թիվ 3 շենքի մոտ ոլորել են իր ձեռքը և գողացել պայուսակը։
 
Նա հայտնել է, որ պայուսակում եղել է 15 հազար ՌԴ ռուբլի, 20 հազար դրամ, բջջային հեռախոսներ, բանկային պայմանագիր և այլ իրեր, որից հետո դիմել են փախուստի։ Վերջինս հայտնել է նաև, որ ինքը իր ընկերուհու՝ ՌԴ քաղաքացի, Գյումրի քաղաքի Անի թաղամասում հաշվառված 49-ամյա Տատյանա Եկիմովայի հետ Գյումրի քաղաքի Գորկու փողոցում գործող «ԴԱՅՄՈՆԴ» գիշերային ակումբի դիմացից նստել են իրենց անծանոթ տաքսին և պատվիրել, որպեսզի վարորդն իրենց տեղափոխի Անի թաղամաս։ Ըստ նրա հայտարարության՝ նա կողոպուտ կատարելու կասկածանքով կասկածում է տաքսու վարորդին։
 
Ն. Վորոբյովան և Տ. Եկիմովան ենթարկվել են բժշկական փորձաքննության. պարզվել է, որ Ն. Վորոբյովայի խմածության աստիճանը եղել է 0.79 ՄԳ/Լ, իսկ Տ. Եկիմովայի խմածության աստիճանը՝ 0.36 ՄԳ/Լ աստիճան։
 
Տ. Եկիմովան աշխատում է Հայաստանում տեղակայված ՌԴ թիվ 102 ռազմաբազայում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
 
Աղբյուր՝ shamshyan.com