ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագծի որոշ կարգավորումներ:
 
Նախագծով փակ տարածքներում և հասարակական վայրերում ծխելն արգելվում է։ Այս դրույթը ենթադրում է, որ բոլոր հասարակական վայրերում (բացօթյա կամ փակ), այդ թվում՝ փողոցում, ծխելը կարող է արգելվել:  Դրանից բացի, նախագծում հստակ ամրագրված չեն բացառությունները, օրինակ՝ կապված զվարճանքի օբյեկտներում կամ այդպիսի վայրերում ծխողների համար տարածքներ առանձնացնելու հետ: Ըստ օրինագծի՝ բացօթյա տարածքներում ծխելու համար տարածքների հատկացման և կահավորման պահանջները սահմանվելու են լիազոր մարմինների հրամանով, սակայն այդ հրամանի ընդունման ժամկետներն ամրագրված չեն։ Ստացվում է, որ նախագծով առաջարկվում է ներդնել ծխախոտի օգտագործման, այսպես կոչված, «բացարձակ արգելք»:
 
Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ, օրինակ, եվրոպական երկրների մեծ մասը ծխախոտի օգտագործման «բացարձակ արգելքին» հասել է աստիճանական արգելքների միջոցով: Բացի դրանից, մի շարք եվրոպական երկրների օրենքներ առ այսօր նախատեսում են ծխողների համար առանձնացված տարածքների ստեղծման հնարավորություն։
 
Պաշտպանի կարծիքով՝ հաշվի առնելով Հայաստանում նվազագույն աշխատավարձի չափը՝ անթույլատրելի բարձր են նաև ծխախոտի օգտագործման կանոնների խախտման պարագայում առաջարկվող տուգանքների չափերը։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն առաջարկել է սահմանված տուգանքների շեմն իջեցնելուն զուգահեռ սահմանել նաև «նախազգուշացում» տույժի տեսակի կիրառման հնարավորությունը։
 
Մեկ այլ փոփոխությամբ՝ առաջարկվում է ծխախոտի ներմուծման դեպքում 800․000 ՀՀ դրամի չափով տուգանք կիրառել, եթե ծխախոտի նիկոտինի և խեժի թույլատրելի պարունակությունը գերազանցվել է։ Այս դրույթով նախատեսվող տուգանքի նշանակման չափը ոչ միայն անթույլատրելի բարձր է, այլ նաև նախատեսված չեն բացառություններ անձնական օգտագործման ծխախոտի ներմուծման պարագայում ։ Կարող է ստացվել, որ այդպիսի բացառության բացակայության պարագայում տուգանք կարող է նշանակվել նաև, օրինակ, անձնական օգտագործման համար Հայաստան ներմուծված, սակայն նիկոտինի և խեժի թույլատրելի պարունակությունը գերազանցող ծխախոտի համար։
 
Նախագծի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բոլոր նկատառումները ներկայացվել են ՀՀ առողջապահության նախարարություն։ Դրանցից մի քանիսն իրենց արտացոլումը ստացել են հանրային քննարկման ներկայացված նախագծի նոր տարբերակում։ Համաձայն այդ առաջարկների՝  ձերբակալվածների, կալանավորվածների պահման վայրերում, զորամասերում և զինվորական հաստատություններում ծխելու և ծխի բացասական ազդեցության նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներն իրականացվելու են առաջինի դեպքում Արդարադատության և Առողջապահության նախարարությունների համապատասխան մարմինների սահմանած կարգով, երկրորդի դեպքում՝ Պաշտպանության նախարարության։ Բացի դրանից, ծխելը թույլատրվելու է պատմության և մշակույթի այն անշարժ հուշարձանների տարածքներում, որոնք համարվում են բնակելի տներ։
 
Աղբյուր՝ tert.am