Տեղին որոշում է․ Հայաստանից Արցախ մեկնողներին արգելվել է զորամասեր այցելելը, առավել եւս՝ «պոստեր»։ Մեր պատգամավորներից, պաշտոնյաներից շատերը, այն էլ Բանակում չծառայած, զինվորական համազգեստ են հագնում, բարձրանում դիրքեր, «սելֆիներ անում», հայրենասիրական ճառեր ասում ու նրանց թվում է, թե իրենց պարտքը կատարեցին հայրենիքի հանդեպ։
 
Բանակին նվիրված մարդը երբեք «սելֆի չի անի»։ Շարքային զինվորներից մեկի հետ զրուցում էի, ասաց՝ դիրքում հրացանը ձեռքիս նկարվեմ, որ ինչ, ու՞մ եմ ցույց տալիս․․․ Կամ ինչու՞ թշնամին պիտի իմանա, թե մենք ոնց ենք դիրքավորված։
 
Այսօր էլի զինվոր է զոհվել։ Ասում են՝ սոցիալական վիճակը մի գրեք, որ մինուճար է՝ դա էլ մի գրեք, ծնողները թե ինչ վիճակում են՝ դա էլ մի գրեք։ Պարզապես ռոբոտի նման գրեք՝ զինվոր է զոհվել։ Բայց գոնե կարելի՞ է գրել, որ 20 տարեկան զինվոր է զոհվել։ Որ մեր 20 տարեկանների շարքերը նոսրանում են։ Այդքանից հետո զինվորական համազգեստ հագնող և դիրքեր գնացողներին կարելի՞ է ասել՝ «արյան վրա, այն էլ 20 տարեկանի արյան վրա չեն փիառվում»։ Այդքան մտածում եք, գնացեք կանգնեք զոհի ծնողի կողքին։ 20 տարեկանի դագաղ բարձրացնելը ամենածանր բանն է։ Գնացեք, օգնեք։
 
Հիշեցնենք, որ Փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը:
 
Հասմիկ Բաբաջանյան