ՖԻՖԱ-ի գործակալ և El Chiringuito-ի լրագրող Հոտա Խորդին տեղեկություն է հայտնել, որի համաձայն «Ռեալ»-ը թիմի վինգեր Մարկո Ասենսիոյին ասել է, թե ով կփոխարինի «սերուցքայիններ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին:
 
«Մենք գիտենք, որ Ասենսիոն երջանիկ չէ «Ռեալ»-ում: Նա բավարար խաղաժամանակ չի ստանում Զիդանից: Ասենսիոն իր շրջապատին արդեն հայտնել է, որ նոր ակումբ փնտրելու ժամանակն է, որտեղ նա կստանա խաղային պրակտիկա, ինչն անհրաժեշտ է որպես ֆուտբոլիստ աճելու համար: Այդ խոսակցությունները հասել են «Ռեալ»-ի ղեկավարությանը, որն Ասենսիոյին հայտնել է, որ պետք է պահպանել հանգստությունը, քանի որ մարզիչը, ով շուտով պետք է աշխատի «Ռեալ»-ում, հավատում է իր ուժերին և առանցքային ֆուտբոլիստ է համարում իրեն: Այդ մարզիչը Մաուրիսիո Պոչետինոն է»,- Խորդիի խոսքերն է մեջբերում Don Balon-ը:
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլը գրում էր, որ «Ռեալ»-ի ղեկը կարող է հայտնվել Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի ձեռքերում: