Այսօր՝ փետրվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Իրինդ գյուղի բնակիչ Մարտուն Մարկոսյանը առավոտյան այցելելով իրեն պատկանող անասնագոմ՝ փաստի առջև է կանգնել:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, Մ. Մարկոսյանը անասնագոմում հայտնաբերել է 25-ից ավելի հոշոտված գառներ և ոչխարներ: Կատարվածի մասին տեղեկացվել է համայնքի ղեկավար Բարսեղ Հեպոյանը: Այս պահին գյուղապետը գտնվում է նշված վայրում և կատարվածի մասին արդեն տեղեկացրել է մարզպետարան:
 
Գյուղացիներն ասում էին, որ Մ. Մարկոսյանի ընտանիքը բազմանդամ է, 14 շունչ են և սոցիալական այս ծանր պայմաններում իրենց ընտանիքի ապրուստի միակ միջոցը գառներն ու ոչխարներն էին, սակայն գայլը կամ գայլերը իրենց սև գործն արել են:
 
Նշված գյուղից ընտրված Ազգային ժողովի պատգամավոր Նաիրի Սահակյանը հայտնեց, որ ինքը պատրաստ է սատար կանգնել տուժած գյուղացուն և իր հնարավորության սահմաններում կօգնի բազմանդամ ընտանիքին:
 
Գյուղապետ Բ. Հեպոյանն էլ  ասում էր. «Վերջին տարիներին նման դեպք չի եղել, որ գայլերը անասնագոմ մտնեն:
 
Ինչով հնարավոր է, ինչով կարող ենք սատար կկանգնենք տուժած գյուղացուն: Հայտնել եմ մարզպետարան և մարզային գյուղվարչություն, որտեղից էլ հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարություն»: Գայլերի կողմից հոշոտված մի քանի հղի ոչխարներ մեկ ամիս հետո պետք է ծնեին: