
Շողեր Վիրաբյան
Այսօր մի սիրուն տեսարանի ականատես եղա: Երիտասարդ կինը փողոցում ինչ-որ մեքենայի վրա արագ-արագ գունավոր սրտիկներ էր փակցնում: Սկսեցի նայել: Կնոջ դեմքին լուսավոր ժպիտ կար: Զգացվում էր, որ անակնկալ է պատրաստում մեկի համար: Մեկ էլ կնոջը մոտեցավ հիսունին մոտ մի տիկին ու մի տեսակ թթված հայացքով հարցրեց:
-Էս ի՞նչ ես անում:
-Ամուսնուս մեքենան է: Իր համար անակնկալ եմ պատրաստել,- պատասխանեց երիտասարդ կինը:
-Ինչու՞: -Դե , այսօր մեր ծանոթության ութ տարին է:
-Հետո ինչ, որ ութ տարին է,- չոր նետեց կինը:
-Բա ինքը քո համար ինչ է արել:
-Ինքը ինձ երջանկացրել է: -Էս բոլոր սրտիկների վրա դու ես գրե՞լ:
-Հա իհարկե: Գիշերը իրենից գաղտնի 500 սրտիկների վրա գրել եմ, որ իրեն շատ եմ սիրում, որ ինքը լավ ամուսին է, որ ինքը լավ հայր է, որ....
Կինը շարունակում էր իր նոթոտ հարցերը:
-Բա էդ տոպրակի վրա ինչ է գրված:
-Գտնված երազ:
-Բա տոպրակի մեջ ինչ ես դրել:
-Մի տուփ ՙՙՌաֆայելլո՚՚:
-Էդ Ռաֆայելլոն է հա՞ քո գտնված երազը- չոր-չոր շարունակում էր կինը:
Ու ես նորից ժպտալով նայեցի երիտասարդ կնոջը, որն այդպես համբերությամբ էր պատասխանում անծանոթ կնոջ, չգիտեմ նախանձով ասեմ, թե չարությամբ տրված հարցերին: Նա մեղմ ժպտում էր ու սպասում, որ արդեն ընդմիջման ժամ է ու մի քանի րոպեից ամուսինը դուրս կգա ընդմիջման գնալու, կտեսնի սիրելի կնոջն ու իրենց սիրուն ձագուկներին ու այդ օրը իրենց համար կրկին տոն կդառնա:Տոն, որը միշտ իրենց հետ է:
․․․Իսկ անցորդները քայլում էին փողոցով, հասցնում կարդալ սրտիկների վրայի լույսով ողողված գրառումներն ու ժպտալով անցնում: Երջանիկ եղեք: