Թուրքիայի Կարսի նահանգի Քարաքալե գյուղի 29-ամյա բնակիչ Մուամմեր Չոփուրը վստահ է, որ ազգակցական կապ ունի ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ, գրում է թուրքական «Սյոզջու» պարբերականը:
 
Նշենք, որ ամերիկահայ աստղը պարբերաբար հարցազրույցների ժամանակ նշել է Կարսից ու Էրզրումից իր արմատների մասին:
 
Չոփուրը պնդել է, որ Քարդաշյանների նախատատն ու իր նախատատը հարազատ քույրեր են եղել:
 
75 տուն և 500 հոգանոց բնակչություն ունեցող Կարսի Քարաքալե գյուղի գյուղապետը, որը նույնպես Չոփուրի ազգականն է, լրագրողների հարցուփորձի ժամանակ շտապել է հերքել տեղեկությունն ու նշել, որ հայ Քարդաշյանների հետ իրենք որևէ կապ չունեն:
 
Թուրքական պարբերականը նկատում է, որ նույն գյուղապետը դեռ 2011 թվականին, խոսելով Քիմ Քարդաշյանի մասին, ասել էր. «Այսպիսի հայտնի աստղի պապերի՝ մեր համագյուղացին լինելն իսկապես շատ հպարտացնող է: Իրոք, մեր աղջիկների նման գեղեցիկ աղջիկ է: Թող գա, իր պապի գյուղերը տեսնի և մեր հյուրը լինի: Մենք՝ թուրքերս, միշտ էլ հյուրասեր ենք եղել, թող գա և տեսնի մեր հյուրընկալությունը»: