Արաբկիրի թաղամասում եմ ապրում, Հաղթանակի զբոսայգի ու Մալականի այգի գնալը ոտի ճանապարհ է, մի հինգ րոպե։ Եթե ոչ ամեն օր, օրումեջ ինչ որ ժամի դրանցից մեկում լինում եմ։ Շատ հաճախ եմ նկատում, որ միայնակ, մտքերի մեջ խորասուզված մարդիկ են գալիս, մեկուսացած նստում ինչ որ նստարանի վրա ու այդպես երկար ժամանակ մտորում, երբեմն ինձ թվում է, թե մոռացել են ժամանակն ու տարածությունը։ Երբեմն այնքան ակնառու է լինում, որ ցանկություն է լինում մոտենալու՝ ի՞նչն է քեզ մտատանջում։ Բայց ինչ- ինչ բաներ մարդու ետ է պահում․ իսկ եթե ասի՝ քո ինչ գործն է, այդպես եղել է։ Մալականի այգի հիմնականում գալիս են մայրիկները՝ փոքրիկների հետ, դե տարիքով մարդկանց համար էլ նարդի խաղալու տեղ կա՝ խաղում ու բարձրաձայն կռվում են։ Բայց աչքիցս չի վրիպում՝ միշտ ինչ որ մեկը լինում է, որ մի տեղ երկար, անշարժ նստում է՝ մտքերի մեջ խորասուզված։ Մի քանի օր առաջ դիմացս մի տղամարդ էր նստած։ Մոտ ժամի չափ հեռախոսով վիճում էր՝ բարձր էր խոսում։ Անընդհատ՝ ինչ անեմ, ինչ անեմ։ Այնքան բարձր էր խոսում (բարկության նշան է), որ տեղներս փոխեցինք։ Ում հետ այգում էի, ասաց՝ գլխներս տարավ, մի քիչ հանգստանալու ես գալիս, ներվերդ սղոցում են․․․ Ետ- ետ նայելով փոխեցի տեղս, ուղեկիցս էլ թե՝ ինչ ես քեզ կոտորում, խալխի մատի ու մատանու արանքը հո՞ չես մտնելու։
 
Երեկ էլ «Նոր Արաբկիր» կամ ինչպես ժողովուրդն է ասում Մալականի այգի գնացի՝ 26- ամյա երիտասարդի կախվելու օրը։ Ոնց որ «ջուր մաղած լիներ»։ Չգիտեի, հետո ամեն օր միմյանց բարևողներն ասացին։
 
Տանը կարդում էի Անատոլ Պիտչերի «Իմ քույրն ապրում եմ բուխարու վերևում» գիրքը։ Դրա տպավորության տակ էի․
 
«Ընտանիքում սուգ է, և միայն Ռոջերն է, որ լաց չի լինում: Նա վստահ է, որ ամեն ինչ մի օր տեղը կընկնի: Գուցե նրան հաջողվի հայտնի դառնալ ամբողջ աշխարհում, և այդ ժամանակ նրա քույրը՝ Ռոզան, ով ապրում է բուխարու վերևի դարակի վրա, նույնպես երջանիկ կլինի»:
 
Մտովի տող առ տող վերհիշում ու մտածում եմ՝ ինչու՞ երիտասարդն էլ չմտածեց այնպես, ինչպես Ռոջերն էր մտածում։ Մի՞թե իրեն կախելով իր երեխայի կյանքն ավելի լավը դառավ, իր պարտքերը մարվեց։ Երիտասարդի մոտ եղել է երկտող՝ գրված մորն ու կնոջը։ Նա մորն ու կնոջը խնդրել է, որպեսզի երեխային լավ նայեն։ Քեզանից լավ ո՞վ կարող էր նայել երեխայիդ։
 
Ակամայից սկսեցի մտածել Մալականի այգում կախվածի ու մեր մասին։
 
Դեպքը եթե եզակի լիներ, չէի անդրադառնա․ նման երևույթի սերմը շատացել է։ Սա ծայրահեղ հուսահատության փակ վարագույր է, ուր լույսի մի փոքրիկ շող չի թափանցում, որ մարդը բռնի ու բարձրանա։
 
Այգում էլի նկատեցի մեկին, ով ինքնամփոփ գլուխը կախել էր։ Այդ դրությամբ երկար ժամանակ մնաց։
 
Հասմիկ Բաբաջանյան