Երեկ՝ փետրվարի 13-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Վանաձորի շտապօգնության հերթապահ խումբը «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխել մի կնոջ, որի մասին տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Տարոնի բաժին։ 
 
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Վանաձոր քաղաքի Պիչուրինի փողոցի բնակիչ՝ 77-ամյա Սվետլանա Ավագյանն է, ով տանը խմել է տարբեր տեսակի դեղահաբեր՝ հայտարարելով, որ կյանքին վերջ տալու նպատակով է այդ քայլին դիմում։
 
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է հատուկ բաժանմունքում։ 
 
shamshyan.com-ի  տեղեկություններով՝ կատարվածի մասին Ոստիկանությունում բացատրություն է տվել նաև Ս. Ավագյանի որդին՝ նույն հասցեի բնակիչ, 55-ամյա Արմեն Մարտիրոսյանը, ով աշխատում է Լոռու մարզի Սոցիալական ծառայությունում՝ որպես գլխավոր մասնագետ։