Գոռ Վարդանյանի կենսագրությունից․ 1998թ. Չակ Նորիսի կողմից արժանացել է «Սև գոտի» տիտղոսին:
 
Ու այսօր․․․
 
Գոռ Վարդանյանի համար երևի այբուբեն է, թե ինչպիսին պետք է լինի կարատեիստը, իսկ մեզնից շատերի համար շատ բան նորություն է։ Շոտոկան կարատեի հիմնադիր Գիչին Ֆունակոշին ասում է, որ միայն մաքուր խղճով և մտքերով կարող է պարապողը հասկանալ իր ձեռք բերած գիտելիքի իմաստը, նա պետք է լինի ներսից համեստ և արտաքինից՝ հարգալից։ Միայն համեստություն ունենալով է հնարավոր ընկալել կարատեի դասերը։ Սրան կարելի է հասնել լսելով և ընդունելով քննադատությունը։ Ֆունակոշին համոզված էր, որ բարեկիրթ լինելն ամենակարևորն է։ Նա ասում էր, որ կարատե պարապողը երբեք չպետք է հեշտությամբ ներքաշվի կռվի մեջ։ Դրա տակ հասկացվում էր այն, որ իրական վարպետի մի հարվածը կարող է նշանակի դիմացինի մահը։
 
Պարզ է, որ նրանք, ովքեր ճիշտ չեն կիրառում իրենց սովորածը, զրկում են իրենց հարգանքից։ Ավանդական կարատեն օժտում է գնահատելու, հարգելու և տիրապետելու ունակությամբ այնպիսի լավագույն մարդկային արժեքների, ինչպիսիք են ազնվությունը, բարեկրթությունը, առողջ դատողությունը, ինքնավստահությունը, համեստությունը, աշխատասիրությունը, պարտքի ու պատասխանատվության զգացումը, քաղաքացիական արիությունը։
 
Ավագանու նիստի ծեծկռտուքից տարբեր տեսանյութեր նայելով ու ի մի բերելով, կարող եմ ասել, որ կարատեիստ Գոռ Վարդանյանը չարացած էր, կամային հատկանիշների դրսևորման ոչ մի երանգ։ Բռնի ուժով հրում էր կնոջը, ով կարող էր հավասարակշռությունը կորցնելով ընկնել ու ջարդուխուրդ լինել։ Գործողությունը իրականացնելուց ծիծաղելի է մտածել, որ ինքը ապահովում էր բազում տղամարդկանց անվտանգությունը մի․․․ կնոջից։ Ամենակարևորը՝ ինքը չփորձեց հասկանալ՝ ինչ է պահանջում դիմացինը։ Կողմնակալ վերբերմունքն ակնհայտ էր։
 
Սա սովորական մի քաղաքացու արձագանք է, ով կուսակցական խաղերից մղոններով հեռու է։
 
Քաղաքապետարանում աշխատել շատերը կարող են, բայց Չակ Նորիսի կողմից քչերը կարող են ստանալ Սև գոտի։ Հենց այդ վեհության մեջ կուզեի տեսնել Գոռ Վարդանյանին, ինչպիսի իրավիճակ էլ լիներ, որը ցավոք, չտեսա։ Երբ ուժը միանում է քաղաքականությանը, վտանգավոր է դառնում։
 
ՀԳ․ Կարատեիստի կարևորագույն արժանիքներից է լսելու և քննադատությունն ընդունելու կարողությունը։ Ցավոք, Գոռ Վարդանյանը լսում է միայն յուրայիններին, մոռանալով, որ իր յուրայիններն են նաև իրեն ժամանակին մեծարող ու այսօր քննադատող մարդիկ։
 
Քաղաքապետարանն ընդամենը աշխատատեղ է, մի փոքրիկ վայր, բայց նրան ճանաչում ու սիրում էր մի ողջ ժողովուրդ․․․
 
Ափսոս, որ Գոռ Վարդանյանի ուժը, հենց էն գլխից, ներդրվեց քաղաքականության մեջ։
 
Հասմիկ Բաբաջանյան