Այսօր՝ փետրվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։20-ի սահմաններում Ագաթանգեղոս փողոցի թիվ 7 շենքի դիմաց՝ Խանջյան փողոցի թունելի հատվածում, բախվել են ВАЗ 21010 մակնիշի 34 NR 537 համարանիշի և Mercedes մակնիշի 35 NV 858 համարանիշի ավտոմեքենաները։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով ВАЗ 21010-ի վարորդն ու նրա ուղևորներ՝ 25-ամյա Ռազմիկ Ավանեսյանը, 31-ամյա Արտյուշա Եղյանը և 23-ամյա Սարգիս Խուբեսարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի և թիվ 1 համալսարանական բժշկական կենտրոններ։ 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է ВАЗ 21010-ի վարորդը, ով դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե հատվածին, գլխիվայր շրջվել և առաջ ընթանալով՝ բախվել Mercedes-ին։ 
 
Վիրավորներին, մինչև փրկարարների ժամանումը, ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու Երևանի Ճանապարհային ոստիկանները։