Գալուստ Սահակյանը վերջը չհամբերեց․ հրապարակեց 2018-ի վարչապետի անունըԻսկը ժամանակին Գալուստ Սահակյանը «Ազատությանը» հայտարարեց, որ 2018-ի ապրիլի 9-ից հետո Հայաստանի վարչապետը պետք է լինի Սերժ Սարգսյանը՝ «ուրիշ երկրորդ մարդ չկա»։ Ժամանակին այն առումով, որ շատ հանրապետականներ «աչքները դեսուդեն չգցեն», «մտքներով ուրիշ բան չանցնի»։
 
Դե Գալուստ Սահակյանին ինչ կարող են ասել՝ ասում է ու վերջում էլ ավելացնում, որ սա ես եմ ասում․
«Իհարկե՝ ինձ հավատում եք, ես էլ եմ ինձ հավատում, որ իմ ասածը վերջնական կլինի, բայց մի մտածեք, որ միայն ես եմ որոշում»:
 
Հետաքրքիր է նաև այն մեսիջը, որ Հայաստանում այսօր ընդդիմություն չկա․
 
«Ընդդիմությունը փոխանակ ցանկանա իր գործողություններն այնպես զուգորդի, որ ինքը գա իշխանություն, հիմա սկսել ա մեզ թելադրել, թե մենք ում պիտի ընտրենք»:
 
Մտածում էիք, որ նման բան չի՞ ասելու։ Քաղաքական դաշտում հիմա վարչապետի երկու անուն է շրջանառվում՝ Սերժ Սարգսյան, Կարեն Կարապետյան։ Ո՞վ է լինելու երկուսից։ Ընդդիմությունը այս հարցն է քննարկում, այս հարցն է օրակարգում։ Այն դեպքում, երբ մեծամասնությունն է թեկնածու առաջադրողը։
 
Գնացքը անցել է, բայց ընդդիմությունը սպասում է գնացքին։
 
Իսկ թե ինչու է հենց Գալուստ Սահակյանը հայտարարում, որովհետև էլ ի՞նչ կարող են նրան մարդիկ ասել, որ չեն ասել․․․
 
Հասմիկ Բաբաջանյան