Փետրվարի 15-ին դաժան ու ողբերգական դեպք տեղի ունեցավ Երևանում։ Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ ստացավ, որ Դավիթաշենի կամրջի տակ կնոջ և աղջկա դիեր կան։ Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերեցին երիտասարդ` 37- ամյա մոր և 9-ամյա դստեր դիերը։
 
 Վերջիններս ինքնասպանություն գործելու նպատակով կամրջից իրենց ցած են նետել: Ողբերգական լուրն առած մարդիկ ցնցված էին, բացատրություններ էին փնտրում, ապշած հարցնում էին` երեխային մայրն ինչո՞ւ է իր հետ «տարել»։ Ցավոք, երեկվա դեպքով ոչ սկսվում ու ոչ էլ ավարտվում է ինքնասպանությունների ողբերգության շղթան: Մոտ մեկ տարի առաջ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը միջնորդություն է ուղղել Երևանի քաղաքապետին՝ կամուրջներից ինքնասպանության դեպքերի կապակցությամբ։ 
 
Ցավալի վիճակագրություն կար ներկայացված գրության մեջ․ «2014թ. հոկտեմբերից մինչև 2017թ. հունիսը կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է կատարել 30 անձ, որից 25-ը՝ Կիևյանի, 3-ը՝ Դավթաշենի, իսկ 2-ը՝ Հաղթանակի կամուրջներից: 30 անձից 28-ը եղել է արական, 2-ը՝ իգական սեռի ներկայացուցիչ, 13-ը՝ մինչև 30 տարեկան, իսկ 17-ը՝ 35 տարեկանից բարձր»: Նշված անձանցից միայն 4-ն է տառապել հոգեկան հիվանդությամբ, մյուսները հոգեպես առողջ մարդիկ են եղել, որոնց այդ ուղուն մղել է անհուսության, անելանելիության զգացումը: Եվ մի նրբություն էլ՝ միջնորդությունում նշված էր, որ այս թվերը բազմապատիկ ավելի կարող էին լինել, եթե ինքնասպանությունների բազմաթիվ փորձերը չկանխվեին պատահական քաղաքացիների ու իրավապահների կողմից։
 
Եվ քանի որ կանխվելու դեպքում ինքնասպանության դիմած անձն այլևս հետագայում նման քայլի չի դիմում, Քննչական կոմիտեն առաջարկել էր Երևանի քաղաքապետարանին մտածել այդ փորձերը կանխելու մասին՝ «դրանց իրականացման համար որոշակի խոչընդոտներ ստեղծելու միջոցով, ինչպիսիք կարող են հանդիսանալ արգելապատնեշները, պաշտպանիչ ցանցերը և այլ տեխնիկական լուծումներ»: Կամուրջների տակ ցանցեր քաշելու մասին, անշուշտ, վաղուց է խոսվում, և դա կարող է բարդացնել ինքնասպանների «գործը»: Աշխարհի տարբեր երկներում այդ տարբերակը վաղուց կիրառվում է` ինքնասպանությունները կանխելու և մարդկանց անվտանգությունն ապահովելու նպատակով:
 
Ու չնայած Երևանում կամուրջներից նետվելով ինքնասպանության տեսակն ավելի է շատանում, սակայն քաղաքապետ Տարոն Մարգարյանն այդ ուղղությամբ առայժմ որևէ քայլ չի ձեռնարկում, ինչն էլ հանգեցրեց երեկվա ողբերգությանը. գրում է ArmLife.am-ը