Մեր հյուրն է քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը
– Վաղինակ, ի՞նչ կարող ես ասել քո մասին:
 
– Ծնվել եմ 1991–ին, Սպիտակ քաղաքում: Ծնողներս մանկավարժներ են: Հայրս հայ ժողովրդի պատմության մասնագետ է, մայրս` մաթեմատիկոս–ֆիզիկոս, նաև` երեք գյուտերի հեղինակ: Իսկ ես մասնագիտությամբ իրավագետ–քաղաքագետ եմ, ավարտել եմ Մաշտոցի անվան համալսարանը:
 
– Ընդհանրապես բնավորությամբ ըմբո՞ստ ես, ամե՞ն անարդարության դեմ ես ընդվզում:
 
– Այո: Ասենք, եթե տեսնում եմ փողոցում մեկը ծխախոտի մնացուկը նետում է գետնին, ստիպում եմ, որ վերցնի ու գցի աղբարկղը: Եթե չվերցրեց, ապա ինքս դա կանեմ, որպեսզի ամաչի:
 
– Գիտե՞ս, դա այդքան բնորոշ հատկանիշ չէ մեր ժողովրդի համար: Մենք ավելի շատ հանդուրժող ենք, ենթարկվող ենք, համակերպվող ենք…
– Մենք տանն առյուծ ճղող ենք, դրսում` կատու: Մենք ունենք Արշակ թագավորի բնավորությունը:
 
Մեր հողի վրա, մեր սեփականության մեջ մեզնից առավելը չկա, ինչ ուզենք կանենք, բայց եթե ոտներս դուրսը դնենք, կխեղճանանք: Ինչքան էլ գլուխ գովենք ու ձգտենք ցույց տալ աշխարհին, թե հայերը աշխարհում է՛ս են, է՛ն են, ասենք` ԱՄՆ–ում «բեսպրեդելը» մեր ու մեքսիկացիների ձեռքին է, կամ Ռուսաստանում մենք ենք ու վերջ, սո՛ւտ է, նման բան չկա:
 
– Այսինքն` սնապարծ ենք:
 
– Ճիշտ է, մենք լավն ենք, «մեզ հայ են ասում», բայց տեղեր կան, որ չափն անցնում ենք:
 
– Դա խեղճությունի՞ց, թուլությունի՞ց է:
 
– Հիշում եք «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմը, երբ աղջկա հայրն ասում է` «когда жена придет, я свое мужское слово скажу»: Մենք էլ ենք այսպիսին. եթե մեկը գա կողքիս լինի, ես արդեն ուժեղ կլինեմ:
 
– Վաղինակ, բայց մեր գիտակցության մեջ պետք է որ փոփոխություն եղած լինի: Ի վերջո ղարաբաղյան պատերազմը մենք հաղթեցինք միայնակ, առանց մեր ավանդական կողմնորոշումներին ենթակա դառնալու:
 
– ԽՍՀՄ փլուզումից հետո մենք ձեռք բերեցինք ընդամենը սահմանների անկախություն:
 
Չկարողացանք պատասխանել այն հարցին, թե ո՞ւր ենք գնում:
 
Գոռացինք, որ, այո՛, անկախ ենք, բայց ձեռք չբերեցինք խոսքի ազատություն, մտածողության անկախություն: Ընդամենն ունեցանք պետական անկախ սահման:
 
– Դե դա էլ հենց հասարակությունը պետք է անի, նվաճի այդ ազատությունները:
 
– Երբ անկախացումից այսքան տարիներ հետո զրուցում եմ հորս հետ, իսկ ծնողներս ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակիցներից են եղել, օպերայի բակում նստացույց անողներից, նա մի բան է ինձ ասում` մենք ձեզ գցել ենք կրակը: Քանի որ ձեր հայրերը կռվել են անկախ պետության համար և հաղթել են, դուք հիմա պետք է հանգիստ ապրեիք, պետք է հաղթողի որդիների նման ապրեիք:
 
– Գուցե ժամանակի ընթացքում մեր քաղաքական վերնախավը դեգրադացվե՞ց:
 
– Անշուշտ: Որովհետև նրանք գայթակղվեցին փողով, դիրքով: Իրենց անձնական շահը գերադասեցին երկրի շահից:
 
– Իսկ դու տարբերություն չե՞ս տեսնում հին և նոր սերունդների մտածողության մեջ:
 
– Ես իմ ծնողների սերնդակիցներին մի բան կարող եմ ասել` այլևս դարը փոխվել է, ստալիններ ու գորբաչովներ չկան: Հիմա ես իրավունք ունեմ դուրս գալ ու ասել` մի՛ տրորիր իմ ոտքը: Կարմիր գիծ մի՛ գծիր քաղաքի մեջ: Որովհետև ես պարտավոր չեմ վճարել կամայական մի ընկերության, ով քնից զարթնել ու մտածել է, թե պետք է կարմիր գծեր քաշի, ու մյուսները վճարեն դրանց համար:
 
– Այսինքն` հին սերունդը եթե ենթարկվող էր, ապա նոր սերունդն ավելի՞ անկախ ու չհանդուրժող է:
 
– Հիմա երիտասարդներն արդեն հաղթահարում են այն «հնազանդությունը», ինչը եկել է իրենց ծնողներից: Բայց դրա համար էլ է ժամանակ պետք, որովհետև ոչինչ միանգամից չի լինում:
 
– Բայց դա մի տարածիր բոլոր երիտասարդների վրա: Օրինակ, հանրապետական կուսակցության երիտթևի մարդիկ հաստատ քո ասած չափանիշներին չեն ենթարկվելու:
 
– Նրանք կոչվում են կա–րի–ե–րիստ–ներ:
 
– Իսկ նրանք որակ չե՞ն ստեղծում մեր երիտասարդության մեջ:
 
– Ստեղծում են: Ստեղծում են պատենդ որակ: Ինչն անում է Սամվել Ալեքսանյանը օղիների հետ:
 
Այսինքն` ստեղծում են կեղծը: Ի դեպ, նույնն է անում նաև Հանրապետական կուսակցության հիմնադրած քաղաքական դպրոցը: Այստեղ դասավանդում են միայն ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչները: Սովորողներն էլ յուրացնելու են այն սկզբունքները, որոնցով քաղաքականության մեջ և կյանքում շարժվում են հանրապետականները: Այսինքն` այս դպրոցում աճեցնում են փոքրիկ հանրապետականների:
 
– Ձեր նախաձեռնության կարգախոսն էր` «Մենք ենք տերը մեր երկրի», դա ե՞րբ իրականություն կդառնա: Եվ կդառնա՞:
 
– Իհարկե կդառնա: ՀՀ Սահմանադրության առաջին հոդված. ՀՀ–ի իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ո՛չ թե Սերժ Սարգսյանին կամ մյուսին: Անհատի մասին նշված չէ: Մեր պետությունը միապետություն չէ: Եթե իշխանությունը ժողովրդինն է, ուրեմն` ժողովրդինն է: Իսկ վերևում նստածները, լինի նախագահ կամ այլ պաշտոնյա, մեր կողմից նշանակված աշխատողներ են: Մենք իրենց շեֆերն ենք:
 
Պարզապես այս պահին տեղերը փոխված են: Բայց դա ժամանակավոր է, կուղղվի՛: