ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի համոզմամբ՝ Ղարաբաղի հարցի կարգավորման ուղղությամբ վերջին շրջանում որևէ դրական դինամիկա չի արձանագրվել, ինչը շատ մտահոգիչ է։ Այս մասին ասյօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մանոյանը՝ հավելելով, որ Ղարաբաղյան հարցի կարգավորման ուղղությամբ զարգացումներ, տևական ժամանակ է՝ չեն նկատվում և մինչև 2019 թվականը հավանաբար չեն էլ նկատվի։
 
«Արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված զարգացումների բացակայությունը խիստ մտահոգիչ է, և Ադրբեջանը փորձում է պատրանք ստեղծել, որ դրական միտումներ են առկա, սակայն հիմքեր չկան հավատալու դրան: Մենք պետք է լսենք Ալիևի հրապարակային հայտարարությունները, որոնք չեն խոսում խնդրի կարգավորման պատրաստակամության մասին»,- ասաց Կիրո Մանոյանը։
 
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին՝ Երևանը նվաճելու մասին հայտարարությանը, դաշնակցական գործիչը նշեց, որ ինքը չի կիսում տեսակետը, թե նման հայտարարություններ Ալիևն անում է Ադրբեջանի ներսի համար։
 
Այս հարցում Կիրո Մանոյանը կարևորեց միջազգային հանրության դերակատարումը՝ նշելով, որ միջազգային հանրությունը պետք է հստակ պատգամներ տա Ադրբեջանին՝ շեշտելով, որ նման հայտարարություններն անընդունելի են:
 
Լրագրողները ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարից հետաքրքվեցին հնարավոր պատերազմական գործողությունների վերսկսման մասին։
 
Կիրո Մանոյանը բացառեց մոտ ապագայում  ապրիլյան պատերազմի կրկնությունը, ընգծելով սակայն, որ հայկական կողմի զգոնություոնը դրանից չպետք է թուլանա։ «Այնուամենայնիվ, եթե լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսվեն, հետևանքն անկանխատեսելի կլինի։ Չպետք է բացառել նաև այն, որ  Ալիևի վրա մի օր սուրբ հոգի կիջնի, և նա ավելի լուրջ կմոտենա բանակցություններին»,-ընգծեց նա։
 
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ բանախոսը կարևորեց նաև միջազգային հանրության դերակատարումը՝ նշելով, որ մի շարք խոշոր տերություններ եթե ճանաչեն Արցախի Հանարպետությունը, դրանով իսկ կճնշեն Ադրբեջանին։
 
Խոսելով հարցի խաղաղ կարգավորման մասին՝ Կիրո Մանոյանը նշեց, որ այս հարցում Հայաստանը չպետք է սպասի Ադրբեջանին՝ հարմարվելով նրա ցանկությունների հետ։
Աղբյուր՝ mediamall.am