Ներքին կանոնակարգում կատարվում են լրացումներ և փոփոխություններ, սակայն դա ամենևին չի նշանակում, որ նիստերը փակվելու են, նիստերը կրկին ուղիղ հեռարձակվելու են: 
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արթուր Գևորգյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու հանձնարարականին: 
«Լրատվամիջոցները հնարավորություն են ունենալու ավագանու անդամներին տեսնելու և զրուցելու, ձևաչափերի մասին կտեղեկացնենք»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե լրագրողները կարողանալո՞ւ են ներկա գտնվել նիստերի դահլիճում՝ ինչպես ներկայում, Արթուր Գևորգյանն ասաց, որ այդ մասին կխոսեն այն ժամանակ, երբ փոփոխությունները և լրացումները կկատարվեն:
«Որևէ բան չեմ ասում այս պահին»,-ասաց նա և նշեց, որ լրագրողների համար աշխատանքային պայմաններ կլինեն:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի կայքում ասվում է, որ աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով աշխատակազմի իրավաբանական վարչությանը, քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանին և աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանին հանձնարարել է ներկայացնել ավագանու կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին առաջարկություններ՝ դրանք նախապես քննարկելով Երևան քաղաքի ավագանու խմբակցությունների հետ:
Աշխատակազմի իրավաբանական, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություններին, ինչպես նաև քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանին էլ հանձնարարվել է ներկայացնել Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ առաջարկություն:
Երևանի քաղաքապետը աշխատակազմի իրավաբանական վարչությանն ու աշխատակազմի քարտուղարին նաև հանձնարարել է ներկայացնել առաջարկություններ՝ Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում աշխատանքային ռեժիմը, մուտքն ու ելքը, ինչպես նաև այլ աշխատանքները կանոնակարգելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր  լրագրողներին հրավիրել էր Երևանի քաղաքապետարան՝ ցույց տալու, որ թույլ չեն տալիս իրենց մեքենաները կայանել քաղաքապետարանին տրամադրված կայանատեղում: 
Ընթացքում լրագրողներին էր մոտեցել քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արթուր Գևորգյանը և հայտարարել, թե որևէ մեկը քաղաքապետարանի շենքում առանց իրենց թույլտվության նկարահանում անելու իրավունք չունի: