Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի անարդյունավետության մասին:
 
Ինչպես տեղեկացնում է minval.az-ը, կողմերի հանդիպման ընթացքում քննարկվել են շփման գծում տիրող ներկա իրավիճակի հետ կապված հարցեր: Գեներալ գնդապետ Հասանովն ընդգծել է, որ բանակցային գործընթացը նախկինի պես անարդյունավետ է:Ընդգծելով, որ երկու զինված բանակները շփման գծում կանգնած են իրար դիմաց, ադրբեջանցի նախարարը չի բացառել պատերազմի վերսկսումը ցանկացած պահի:
Վերջինս շեշտել է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները հետաքննելու փոխարեն, լավ կլիներ, որ միջազգային կառույցները ջանքեր գործադրեին դրա առաջացման պատճառների վերացման գործում՝ հակամարտության ամբողջական կարգավորման նպատակով»:
Տոյվո Կլաարը, իր հերթին շեշտելով հակամարտության շուտափույթ և խաղաղ կարգավորման կարևորությունը հարավկովկասյան տարածաշրջանում կայունության պահպանման համար, ընդգծել է, որ Եվրամիությունը բանակցությունների շարունակման կողմնակիցն է: