Հայաստանի վերաբերյալ Ալիևի զավեշտալի հայտարարությունը տարակուսանք է առաջացրել նաև Իրանում:
 
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) տեղեկատվական ազդեցիկ ռեսուրսներից մեկը հատուկ թողարկմամբ անդրադարձել է Իլհամ Ալիևի՝ Երևանի վերաբերյալ արած զավեշտալի հայտարարությանը: 
 
Վերլուծականի հիմնական շեշտադրումն այն է, որ պատմությունը խեղաթյուրելու Բաքվի քաղաքականությունն ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի դեմ: Հոդվածի հեղինակը, անուղղակիորեն քննադատելով Իրանի իշխանությունների՝ Բաքվի նկատմամբ ներկա փուլում վարած քաղաքականությունը, նշում է, որ «պատմական հողերի» վերաբերյալ Ալիևի հայտարարությունը փոքր-ինչ ձևափոխված տեսքով հնչեցվում է նաև այսպես կոչված «աշխարհի ադրբեջանցիների միասնության օրվա» առթիվ, այս անգամ թիրախավորելով Իրանի նահանգները: 
 
Այդ համատեքստում իրանցի հեղինակը մտահոգություն է հայտնում, թե «Ցավոք Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները պատշաճ չեն արձագանքում Ադրբեջանի տարածքային նկրտումներին, ինչպես դա եղավ Հայաստանի պարագայում»:
 
Հոդվածի հեղինակը, անդրադառնալով Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման հարյուրամյակի միջոցառումների վերաբերյալ Ալիևի ստորագրած հրամանագրին, նշել է, որ դա հերթական հարթակներից մեկը կլինի, որտեղ կրկին կհնչեն պատմությունը խեղաթյուրող հայտարարություններ և այդ միջոցառումներին կմասնակցեն Իսրայելի, Թուրքիայի, Եգիպտոսի և արաբական այն երկրների դեսպանությունները, որոնք այդքան էլ դրական վերաբերմունք չունեն Իրանի նկատմամբ: 
 
Հավելենք, որ օրերս Իրանի պետական հեռուստատեսության 5-րդ ալիքով հեռարձակվել է Իրանում Ադրբեջանի դեսպան Բոնյադ Հուսեյնովի հարցազրույցը. Ակզբում իրանցի լրագրողը խնդրում է, որպեսզի Ադրբեջանի դեսպանը ներկայացնի իր երկիրը:
 
Վերջինս մի պահ կարկամում է՝ հավանաբար մտածելով, թե պատմական ո՞ր շրջափուլը պետք է համարել ադրբեջանական պետության ձևավորման սկիզբը: Ի վերջո Ադրբեջանի իրանագետ դեսպանը նշում է, թե Ադրբեջանը 26 տարի առաջ է ձեռք բերել իր անկախությունը, հետո մի փոքր համարձակություն է ձեռք բերում՝ հավելելով, թե Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետությունը ստեղծվել է 1918թ.:
 
Ի դեպ, շուրջ 50 րոպե տևած հարցազրույցի ընթացքում Ադրբեջանի դեսպանը ոչ մի բառ չի խոսում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Արցախի վերաբերյալ: Չնայած երկու անգամ շահիդների և 1994թ. հրադադարի վերաբերյալ դեսպանի ակնարկներին՝ լրագրողը ուշադրություն չի դարձնում և արագ անցնում է մյուս հարցերին: 
 
Ինչևէ, այս հարցազրույցը ցուցիչ է առ այն, որ գուցե Իլհամ Ալիևի կամ Եվրոպայում հավատարմագրված ադրբեջանցի դեսպանների ռազմատենչ հայտարարությունները ինչ-որ արձագանք ունենում են եվրոպացի չինովնիկների կամ լրագրողների շրջանում, սակայն Իրանի պես երկրում, որի նկատմամբ ի դեպ Բաքուն ևս տարածքային նկրտումներ ունի, ադրբեջանցի դեսպանները դառնում են «ազնիվ» և «բարեպաշտ» դիվանագետներ՝ պարսկերենով փառաբանելով Իրանի հազարամյա պատմությունն ու մշակույթը: