Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մասնագիտական խումբ է ստեղծվել՝ պարզելու Վրացական փողոցի 10-րդ շենքում այսօր՝ փետրվարի 20-ին տեղի ունեցած պայթյունի պատճառները և շենքի սեյսմիկ անվտանգության աստիճանը: Այս մասին դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
 
Նրա խոսքով՝ մասնագիտական խումբը պետք է կատարի թե ակնադիտական, թե մասնագիտական հետազոտություն՝ շենքի կոնստրուկցիաների, հարկերի, աստիճանավանդակի վիճակը ստուգելու նպատակով: Եզրակացությունից հետո եթե պարզվի, որ շենքի ուժեղացման անհրաժեշտություն կա, ապա պետք է իրականացվի, իսկ եթե չլինի՝ միայն վերականգնողական ու վերանորոգման աշխատանքներ կկատարվեն:
 
Հարցին՝ ո՞վ է փոխհատուցելու վնաս կրած բնակիչներին, փոխքաղաքապետը պատասխանեց. «Օրենսդրորեն իրականացման կարգ գոյություն ունի, որտեղ պետք է հետաքննություն իրականացվի, պարզվեն պատճառները: Դրանից հետո պարզ կլինի, թե ում պատճառով է եղել և ով է պատասխանատուն: Մինչ այդ՝ այս պահին ձեռնամուխ ենք լինելու աջակցել այն մարդկանց, ում տան ապակիները փշրված են հարակից շենքում, հետնամասի շենքում:
 
Խորհուրդ չեն տալիս, որ այս մուտքի բնակիչները շարունակեն ապրել այստեղ: Մենք վարչական շրջանի ղեկավարի հետ այդ հարցին էլ կանդրադառնանք: Եթե մարդկանց կյանքին վտանգ է սպառնալու, անթույլատրելի է այստեղ ապրելը, ուրեմն պետք է փորձենք կարգավորել ժամանակավոր կեցության հարցը՝ բարեկամների մոտ, եթե չունեն այդ հնարավորությունը, մենք վարչական շրջանի աշխատակիցների հետ մի բան կկազմակերպենք»,- նշեց Արեյանը:
 
Նա նշեց՝ 10-րդ շենքի այդ մուտքում 14 բնակարան է, որից վնասվել է 4-ը:
 
Հիշեցնենք՝ այսօր՝ փետրվարի 20-ին, Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել են բնակարանի միջնապատերը և պատշգամբը՝ ամբողջությամբ, վնասվել են 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հարկերի պատուհանները: Վնասվել են բակում կայանած 10 մեքենաները: Փրկարարները տարհանել են 14 քաղաքացու:
 
Դեպքից անմիջապես հետո դեպքի վայր են ժամանել ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը: