Ավելորդ կիլոգրամներից ազատվել ցանկանում են շատերը, բայց քչերն են պատրաստ հետևել առողջ սնվելու կանոններին, ակտիվություն ցուցաբերել ու հետևել խորհուրդներին։ Մասնագետները պնդում են՝ նիհարելու ընթացքում մեծ կարևորություն ունի նաև առողջ քունը։ Քնի պակասն իրականում կարող է էապես նվազեցնել ջանքերի արդյունավետությունը
 
Քնի ընթացքում հորմոն է արտադրվում, որը խթանում է սպիտակուցի սինթեզը, կարգավորում ճարպերի այրման գործընթացը։ Հենց քնի ընթացքում է այս հորմոնի արտադրությունը հասնում իր ամենաբարձր մակարդակին։ Սա նշանակում է, որ քիչ քնելու դեպքում օրգանիզմը կարող է զրկվել այս ամենից։
 
Մի խումբ հետազոտություններ վկայում են, որ օրվա ընթացքում 4-5 ժամ քնելը ճարպակալման տանող ամենակարճ ճանապարհն է։ Այդ դեպքում ճարպը մասնավորապես կուտակվում է որովայնի հատվածում։ Դա տեղի է ունենում օրգանիզմում քաղցի հորմոնի խախտման հետևանքով։ Այն սխալ է արտադրվում, ոչ ժամանակին, ինչի հետևանքով մենք չենք զգում հագեցման առողջ սահմանը։
 
Այլ կերպ ասած՝ անհրաժեշտ չափով չքնելու դեպքում օրգանիզմը ցանկանում է որևէ կերպ չեզոքացնել ճնշված վիճակն ու ուժերի անբավարարությունը՝ ստիպելով ավելի շատ ուտել, ընդ որում, ուտել բարձր կալորիականություն ունեցող մթերք։ Անքուն գիշերվա ավարտին օրգանիզմը մեծ քանակով գրելին է արտադրում՝ քաղցի հորմոն, և մենք գայլի ախորժակ ենք ունենում։
Ինչ անել
Հարկավոր է փոխել ռեժիմը։ Մինչև ուշ ժամ աշխատելը շատ վատ սովորություն է. որևէ արդարացում այս դեպքում տեղին չէ։ Քայքայված առողջությունը չափազանց դժվար է վերականգնել, իսկ հորմոնների հետ կատակել չի կարելի. անքնությունը կարող է հանգեցնել հորմոնալ անհավասարակշռության, ինչի դեպքում ավելորդ քաշի հարցը շատ ավելի սուր կլինի։
Օրվա ընթացքում հարկավոր է քնել 7-9 ժամ։ Այս ժամանակահատվածը տարբերվում է յուրաքանչյուր մարդու համար, բայց հստակ է, որ հարկավոր է հոգ տանել առողջության մասին։