Վերջին 13 տարում Սատուրնն ուսումնասիրած Cassini կայանը ոչնչացվել էCassini միջմոլորակային ավտոմատ կայանը, որը վերջին 13 տարվա ընթացքում ուսումնասիրել է Սատուրն մոլորակը, դրա օղակները և արբանյակը, ոչնչացվել է: Այս մասին ասվում է ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) կայքում:
 
Աղբյուրի հաղորդմամբ՝ կայանի ազդանշանը կորել է սեպտեմբերի 15-ին. Cassini-ն խորտակվել է գազային հսկայի մթնոլորտում: Դա թույլ է տվել խուսափել մոլորակի արբանյակների՝ Էնցելադի և Տիտանի կենսաբանական աղտոտումից, որտեղ գիտնականները չեն բացառում պարզունակ կյանքի գոյությունը:
 
Հայտնի է, որ 13 տարվա ընթացքում Cassini-ն բազմաթիվ նշանակալից հայտնագործություններ է արել մոլորակագիտության ոլորտում: Մասնավորապես՝ Էնցելադի արտանետումներում կայանը հայտնաբերել է մոլեկուլային ջրածին և ածխաթթու գազի երկօքսիդ, ինչը վկայում է արբանյակի ընդերքում կյանքի համար նպաստավոր պայմանների առկայության մասին:
 
Cassini-ն համարվում է ՆԱՍԱ-ի ամենահաջողակ առաքելություններից մեկը: 1997 թվականի հոկտեմբերի 15-ին ուղարկված կայանը միայն 7 տարի անց՝ 2004 թվականի հուլիսին է հասել Սատուրնի ուղեծիր: 2004 թվականի դեկտեմբերի 25-ին կայանից առանձնացել է Huygens եվրոպական զոնդը, որը 2005 թվականի հունվարի 14-ին վայրէջք է կատարել Սատուրնի արբանյակ Տիտանի վրա:
 
Cassini առաքելության վրա ծախսված ընդհանուր գումարը գնահատվում է 3.3 միլիարդ դոլար: Սպասվում է, որ առաքելության ընթացքում ստացված տվյալների վերլուծությունը կտևի ևս մի քանի տարի: