Հայաստանում բժշկի դիմելն արդեն խնդիր է։ Երկուսից մեկին, որ հարցնես՝ ինչու՞ չես բժշկի գնում, կասի՝ փող չունեմ, ինչով գնամ։ Հարցնես՝ ինչու՞ չես վիրահատվում, կասի՝ փող եմ հավաքում, տեսնեմ։
 
Հեշտ է ասել պետպատվեր, ապահովագրություն, բայց թող մի ապահովագրված վիրահատված գրի, որ ապահովագրությամբ վիրահատվել ու վիրաբույժին փող չի տվել, անձնակազմին չի նայել։ Չեմ ժխտում կան «եզակի սկզբունքայիններ», ովքեր համառորեն չեն վճարում։ Բայց դե, բոլորդ էլ գիտեք, չվճարողի նկատմամբ մուննաթ- զուննաթը։ Չվճարողն ասում է՝ քթիցս բժիշկը հանեց․․․
 
Ընդհանուր դրվածքը սա է։ Եթե բժշկի ես գնում, անգամ մի «ռեցեպտ գրելու համար» մի բան պիտի տաս։
 
Առողջապահության նախարարը չգիտի՞ այդ մասին։ Հազար անգամ եմ տեսել, որ «մի տերավոր, ասել է՝ թե փող ունեցող» հիվանդի ետևից ոնց են մեծից փոքր, նախարարն էլ հետը, վազում։ Տեսել եմ նաև, որ մի անտեր, փող չունեցող հիվանդ ոնց է ցավից կծկվում ու մոտեցող չի լինում։
 
Նման պայմաններում, երբ աղքատությունը, սոցիալական լարվածությունը դանակի նման մարդկանց կոկորդին է դրվել, պետք է այնպես անել, որ դանակը ոսկորի մեջ չխրվի։ Առողջապահության նախարարը զարգացած երկրներից է օրինակ վերցնում և ինչ անում, ասում է՝ բաեփոխում է։
 
Մի փոքրիկ օրինակ մեջ բերեմ։ Մտերմուհիս, որ ընդամենը մի երկու- երեք տարի է Կանադայում ապրում, եկել էր Հայաստան։ Հենց կողքը նստած էի՝ զանգ եկավ, անգլերենով հարցնում են՝ ձեր դեղը խմե՞լ եք։ Այսինքն տեսեք, թե ինչ աստիճանի է հասել առողջապահական համակարգի հոգատարությունը։ Պատմում է, որ ամեն շաբաթ բժիշկը գալիս է տուն, հենց տանը լսում նրա բողոքները դեղեր նշանակում, ուղղորդում․․․ Ու այս ամենն անվճար։
 
Ա՜յ այս օրինակը վերցրեք, պարոն նախարար, ու համարգը բարեփոխեք։ Համակարգի բարեփոխումը ձեզնից սկսեք։ Ոչ մի տեղ լսված բան չի, որ առողջապահության նախարարներն ունենան սեփական հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ և օրենքներ ներկայացնեն՝ ելնելով իրենց բիզնես շահերից։ Արտասահմանում այս երևույթը կա, բայց առողջապահական համակարգը կայուն է, մաքուր։ Այնտեղ քաղաքացին «բժշկի ոտի տակը չի պաչում», որ մի «ռեցեպտ տա» կամ էլ « ջեբը փող չի խոթում»։ Համատարած այս աղքատության մեջ, երբ հացի փող գտնելն անգամ պրոբլեմ է, ո՞նց եք մեզ ուղարկում «Բժշկի դուռ»։ Դեղի համար վճարե՞նք, թե «ռեցեպտ տվող բշժշկի ջեբը բան խոթենք»։ Էլ չասած, որ հազար տեղ ստուգման է ուղարկելու, վայը եկել, աղքատին տարել է։ Ապահովագրվածին էլ «հազար կաբինետ կուղարկեն», մեկ է՝ փողը պետությունն է տալիս, թող հիվանդանոցի բյուջեն լցվի․․․
 
Ներող, բայց նոր ֆեյսբուքյան օգտատերերից մեկի տիպիկ գրառումն եմ կարդում՝ մեր սև սիրտ, ձեր վարդագույն տռուսիկ․․․
 
Հասմիկ Բաբաջանյան