Էջմիածնում գյուլեցին, Վերնիսաժի այն ծայրում գյուլեցին, այս ծերում չէին գյուլել, ստեղ էլ գյուլեցին
Երեկ Վերնիսաժի մոտակայքում տեղի ունեցած իրադարձությունները չէին ցնցել այնտեղ աշխատող առևտրականներին, ոչ էլ՝ վախեցրել․ «Ինչի՞ց վախենայինք, ոչ առաջին դեպքն ա, երևի ոչ էլ վերջին»․- կատակեց առևտրականներից մեկը։ Կրակահերթ, վիրավորներ և դրանց հաջորդած իրավապահ մարմինների աշխատանքներին առևտրականները տարիներ առաջ ականատես եղել էին, թերևս միակ նորությունը սպանված մարդու դիակն էր։
 
Արդյոք նման իրադարձություններից հետո վախի մթնոլորտ տիրո՞ւմ է, միգուցե հաճախորդների, տուրիստների թի՞վն է պակասում․ այս հարցադրումներով շտապեցինք Վերնիսաժ, սակայն սակավախոս առևտրականները ո՛չ 3 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններն էին «հիշում», ոչ էլ երեկվա․ «Դե մի օր ա էլի, գալիս են սաղ խառնում են իրար, հաջորդ օրը ոնց որ բան էլ չի եղել, ոչ մի վախենալ բան չկա»․- ասաց մի մեծահասակ տղամարդ՝ հրաժարվելով ներկայանալ։ Ի դեպ, թերեւս վախենալու պատճառով Վերնիսաժի աշխատակիցները չէին ցանկանում ընդհանրապես խոսել այդ թեմաներով, խոսելիս էլ՝ չէին ներկայանում, ավելի շատ վախենալով առևտրականից վկա դառնալ․ «Զահլա չունենք միլիցաների հետ»․- ասաց մի կին։
 
Մի առևտրական էլ բողոքեց, որ ողջ օրը ձևի համար գոնե մեկ ոստիկան տարածքում չեն տեսնում․ «Վերնիսաժում գողերը վխտում են «օտիդո», օր չի լինում, որ մարդկանց գրպանները չմտնեն։ Որ փողերը տանում են, ոչինչ, բայց դե մարդն ամոթից գետինն է մտնում, փողերի հետ տանում են մարդու անձնագիրը և այլն։ Մարդիկ շվարում են, ողբ են դնում, ո՞նց ստեղից գնան, պասպորտը տարել են։ Մի անգամ ոստիկան չեմ տեսնում այստեղ, խեղճուկրակ հսկիչներն են հսկում, նրանք էլ ի՞նչ անեն։ Հայաստանի դեմքն է, երեսն է, քաղաքի կենտրոնն է, Հայաստանի սիրտն է այստեղ, ո՞նց են օրը ցերեկով․․»։
 
«Անցած տարի նոր տարվա բանկետին, Սերժ Սարգսյանը Վովա Գասպարյանին հանդիսավոր պայմաններում գեներալ-գնդապետի կոչում շնորհեց, ո՞ր շնորհի համար, ինքը, ինչքան գիտեմ, դերասան է, լավ էլ դերասանություն անում է։ Այս Ալավերդու դեպքերը շարունակվում են, սա դեռ շարունակվելու է, Էջմիածնում գյուլեցին, Վերնիսաժի այն ծայրում գյուլեցին, էս ծայրում գյուլեցին, այս ծերում չէին գյուլել, այս ծերում էլ գյուլեցին»․- բողոքեց մեկ այլ առեւտրական:
 
Այս անգամ Վերնիսաժը միայնակ չէր «կրել» կրիմինալ աշխարհի ներկայացուցիչների թատերաբեմ լինելու բախտը։ Երևանի սրտում գտնվող Թուֆենկյան հյուրանոցում, որտեղ երեկ հյուրընկալել էին հրաձգության մասնակիցները, երևի որոշել են «պաշտպանվել» լրագրողներից, մենեջերները տեղում չեն ողջ օրը, տեղեկություններ տրամադրել էլ կարծես չի կարելի։ Իսկ մենք ընդամենը ցանկանում էինք տեղեկանալ, արդյոք հյուրանոցային համալիրը չի՞ տուժել, ամրագրումները չեղյալ չե՞ն հայտարարվել երեկվա իրադարձություններից հետո։ Թեպետ, երեկ հյուրանոցի աշխատակիցներն այնուամենայնիվ ժամանակ գտել էին, զանգահարել մեր խմբագրություն և խնդրել չընդգծել, որ իրադարձությունները տեղի են ունեցել Թուֆենկյան հյուրանոցի մոտ՝ ըստ էության մտահոգված լինելով իրենց բիզնեսի համար:
 
Հիշեցնենք, որ 2014 թվականին էլ այստեղ մեծ աղուկ էր հանել նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվենցի Կարո) փեսան՝ Գոռ Առաքելյանը։ Նա ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վիճել էր երկու անձնանց հետ, վիճաբանությունն այնքան էր թեժացել, որ Գոռ Առաքելյանն անկանոն կրակահերթ էր բացել այդ երկու անձանց ուղղությամբ, վիրավորվել էին նաև պատահական անցորդներ։ Նախկին պատգամավորի փեսային դատապարտել էին 6 ու կես տարվա ազատազրկման, սակայն նա այսօր ազատության մեջ է։