Մեր փողոցի վրա դեղատները սնկի նման իրար հետևից կարմիր գլխիկները հանած են։ Երեկ որոշեցի մի քանիսը մտնել, տեսնեմ՝ ինչ «խաբար կա աշխարհից»։ Համարյա բոլոր դեղատներում էլ աշխատակիցներն ասում են, որ «դեղով ապրող մարդիկ իրար են խառնվել»։ Մարդիկ չգիտեն էլ՝ որն է «ռեցեպտով» կամ որ դեղն է մարտի 1-ից բժշկի նշանակումով լինելու։ Հերթեր են, մարդիկ դեղեր են գնում, պահեստավորում, խուճապի մեջ են
 
-Կարելի էր կազմակերպել,- ասում են,- նման կտրուկ քայլերով մարդկանց «ստրեսի չենթարկել։
 
Դեղատներից մեկում մի ծեր կին էր հազիվ ոտքի վրա կանգնել ու իր օգտագործվող դեղի մի քանի տարվա պաշար էր ուզում տանել։
 
-Մենակ կնիկ եմ, ոչ մեկը չունեմ։
 
Ասում էր՝ թոշակս մարտի 5-ին, 6-ին եմ ստանալու, խնդրում եմ տուր, ինձ գիտես, կբերեմ։ Լաց էր լինում։
 
Աշխատակիցն ասում էր՝ ամեն դեպքում մարդ ենք, չենք կարողանում օգնել, բայց խղճներիս ազդում է։
 
Կողքին կանգնածները, ովքեր նրանից լավ վիճակում չէին, իրենց անճարությունից հայհոյում էին։
 
Դեղատան աշխատակիցն ասաց, որ արդեն ցուցակը ներկայացվել է այն դեղերի, որոնք մարտի մեկից առանց բժշկի նշանակման չեն վաճառվելու։ Ցուցակը ներկայացրել են։ Իսկ մարդիկ դեռ հույս են փայփայում՝ ինչ որ բան կվերանայվի․․․
 
Ասաց, որ դրանք հակաբիոտիկ, հորմոնալ և կոդեին պարունակող դեղերն են։
 
Չուզեցի էլ խորանալ․ դիմացս կանգնած էր ծեր ու հաշմանդամ կինը, ով «բերանը բաց սպասում էր», որ աշխատակիցն ասի՝ իր դեղը մարտի մեկից բժշկի նշանակումո՞վ է լինելու, թե՝ չէ։
 
Հասմիկ Բաբաջանյան