Հաճախ, երբ ինչ որ մեկը մեզ շատ է ցավեցնում` վրեժխնդիր լինելու մեծ ցանկություն է առաջանում։ Եվ դա շատ բնական է։ Ինչ մտքեր ասես չեն պտտվում մեր գլխում, երբ մեզ վիրավորում են։ Մենք փորձում ենք պատասխանել նույն ձևով։ Բայց արդյո՞ք դա վրեժխնդիր լինելու լավագույն միջոցն է…
 
Վրեժխնդիր լինելու լավագույն ձևն այն է, երբ սկսում ես աշխատել ինքդ քեզ վրա։ Մոռացիր այդ անձին ինչ որ վատ բան անելու մասին։ Թող, որ դա Աստված անի կամ էլ ինչպես ասում են թող դա արվի կարմայի կողմից։ Միայն կենտրոացիր ավելի լավը դառնալու մտքի վրա։
 
Սովորիր ներել այն մարդկանց, ովքեր ներողություն չեն խնդրում, կարողացիր անել այնպես, որ բացասական հույզերիցդ ու զայրույթիցդ բխող էներգիան ծախսես որևէ արդյունավետ բանի վրա։ Օրինակ մարզվիր կամ փորձիր մի նոր բան անել, որով կկարողանաս շեղել քեզ։
 
Վրեժի լավագույն տարբերակն այն է, երբ չես մտածում, թե ինչ են մտածում մյուսները քո մասին, երբ թույլ չես տալիս, որպեսզի նրանց գործողություններն ազդեն քեզ վրա․ երբ ինքդ քեզ  չես նայում նրանց աչքերով, երբ չես փորձում տպավորություն թողնել նրանց վրա՝ համարելով նրանց ավելի բարձր քեզնից պարզապես այն պատճառով, որ նրանք ունեն այն, ինչը դու չունես։
 
Աշխատիր ինքդ քեզ վրա, քանի որ քեզնից բացի ուրիշ ոչ ոք չի կարող դարձնել քեզ ավելի լավը։ Դու քո սեփական գլուխգործոցն ես։ Թեև ոչ բոլորը կգնահատեն, բայց դու չպետք է դադարես աշխատել ինքդ քեզ վրա՝ կատարելագործելով ինքդ քեզ։
 
Լավագույն վրեժն այն է, երբ կարողանում ես բաց թողնել․ բաց թողնել նշանակում է ազատագրվել։ Դա ցույց է տալիս քո հավատը Աստծո ու Տիեզերքի հանդեպ։ Երբեմն մենք վատ կարծիք ենք ունենում ինքներս մեր մասին։ Երբեմն մենք այնքան վատ կարծիք ենք ունենում մեր մասին, որը կարող է խանգարել մեր երջանկությանը կամ էլ ավելի շատ մեր դեմ տրամադրել այն մարդկանց, ովքեր իսկապես չեն գնահատում ու չեն սիրում մեզ։ Բայց երբ կարողանում ես բաց թողնել իրավիճակները կամ այն մարդկանց, որոնք բարդացնում են կյանքդ, դա նշանակում է, որ արդեն հասել ես ինքդ քո հանդեպ սիրո անհրաժեշտ մակարդակին։ Դու համոզված ես, որ ամեն ինչ կարող ես նորից սկսել ու գտնել ավելի լավ մարդկանց։ Դու դառնում ես ավելի համարձակ ու այլևս չես վախենում անորոշությունից։ Դու կարողանում ես հաղթահարել դժվար իրավիճակները, որ հանդիպում են քո կյանքում։
 
Լավագույն վրեժն այն է, երբ սկսում ես ինքդ քեզ սիրել այնքան, որ փորձում ես դառնալ այն մարդը, ինչպիսին կուզեիր լինել, երբ սիրում ես քեզ չնայած այն բանի, որ իդեալական չես, երբ ընդունում ես սխալներդ ու սովորում դրանց վրա՝ հասկանալով, որ դրանք չեն որոշում քեզ ու քո անցյալը։
 
Սիրեք Ձեր կյանքն իր դժվար և ուրախ պահերով։ Հասկացեք, որ բոլոր նրանք, ովքեր Ձեզ չեն սիրում, նրանք նույնպես ունենում են իրենց դժվարություններն այս կյանքում։ Հավատացեք, որ Դուք հենց այնտեղ եք, որտեղ պետք է լինեք։ Կենտրոնացեք այն լավագույնի վրա, ինչ ունեք և մի ատեք ինքներդ Ձեզ այն բանի համար, որ չեք ապրում այն կյանքը, որ կցանկանայիք ապրել։
 
Լավագույն վրեժն այն է, երբ  կարողանում ես լինել գոհ ու երջանիկ, եթե անգամ ամեն ինչ քո դեմ է։
 
Աղբյուր՝ mediamag.am