«Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը կարծում է, որ դեղերը դեղատոմսերով վաճառելը բարձրացնելու է դեղերի գինը: Այսօր կայացած ասուլիսին նա նշեց՝ փոփոխությունները նախանշված նպատակներին չեն հասնելու, փոխարենը դառնալու են հավելյալ գումար աշխատելու միջոց:
 
«Իշխանությունների քայլերը պետք է ուղղված լինեն հասարակության բեռը թուլացնելուն, ոչ թե ավելացնելուն: Դեղերը դեղատոմսով վաճառելու ճանապարհով 3 տարի առաջ գնաց հարևան Վրաստանը, որտեղ որոշվեց, որ դեղերի որոշակի խմբաքանակ պետք է վաճառվի դեղատոմսով: Սակայն դեղերն այստեղ թանկացան, քանի որ ծանոթ-բարեկամ սկզբունքով բժիշկ էին գտնում, որն իրենց դեղատոմս տա, որպեսզ իրենց առևտուրը չտուժի: Դեղը միանշանակ կթանկանա, քանի դեղատունը, դեղը վաճառելուց բացի, նաև բժշկին պետք փող տա, որ իրեն դեղատոմս տա»,-ընդգծեց Աթոյանը:
 
Վերջին նաև ընդգծեց, որ սա դեպի բժշկական ծառայություն ուղղորդելու քայլ է և հիշեցրեց, որ բժշկի խորհրդակցությունը նվազագույնը 5000 դրամ է:
 
«Բժիշկներից շատերը չեն ցանկանում ինքնակրթվել ու զարգանալ, բավարարվում են միայն նրանով, ինչ 20 տարի առաջ սովորել են: Մենք գիտենք նաև, որ դեղամիջոցների ու բժշկական համակարգը խիստ վերահսկվում է մի քանի խմբերի կողմից, որոնցից ամեն մեկն իր անձնական ու նեղ շահն է հետապնդում»,- շարունակեց Արթուր Աթոյանը:
 
Մարդկանց ինքնազգացողության վատթարացման պարագայում, ըստ տվյալների, հիվանդությունն ակնառու է լինում 43 տոկոսի դեպքում, քրոնիկ հիվանդությունները՝ 20 տոկոսի, անհասկանալի երևույթներ լինում են 20 տոկոսի մոտ, այսինքն՝ ամեն 5-րդ դեպքում մարդիկ չգիտեն, թե ինչով են տառապում. այս մասին էլ ասաց մյուս բանախոս՝ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
 
«Հիմնականում դիմում են ծանոթ բժիշկներին, 60-65%-ը դիմում է պոլիկլինիկա, մնացած 30-35%-ը դիմում է կա՛մ ծանոթներին, կա՛մ զբաղվում է ինքնաբուժությամբ, իսկ հետագայում նոր որոշվում է, թե նրանք ուր կգնան: Բուժման համար տեղամասային, մասնավոր բժիշկներին դիմում է 70 տոկոսը, 30 տոկոսը ծանոթ բժիշկներն է դիմում: Ինչպես նաև առաջնային դիագնոզը ճիշտ է լինում 30-40 տոկոսում, երկրորդային դիագնոզը՝ 60-65. ստացվում է, որ ամեն 2-րդ ախտորոշումը լինում է սխալ կամ թերի, բայց դրան նշանակում են բուժում»,- ներկայացրեց Ահարոն Ադիբեկյանը:
 
Սոցիոլոգը նկատեց, որ ԱՄՆ-ում նյութը դեղ դառնալու համար 7 տարի է փորձարկում անցնում, իսկ ՀՀ-ում՝ մոտ 3 տարի: Նրա խոսքով, երբ քաղաքացին գնում է «պետական բժշկի» մոտ, ապա նրան հիմնականում նշանակում են այն դեղերը, որը պետությունն իրեն սպասարկում է, իսկ նոր դեղերի մասին իրենք պատկերացում չունեն:
 
Ինչ վերաբերում է «Դեղերի մասին» օրենքի կարգավորումներին, ըստ որի՝ դեղերը վաճառվելու են միայն դեղատոմսերով, Ադիբեկյանն ասաց. «Այսօր ընտանիքների 60-65 տոկոսն ինտերնետի մուտք ունի, շատ լավ կարողանում է տեսնել, թե ինչ նոր դեղամիջոց կա աշխարհում: Իմ աղջիկը Մոսկվայում ծանր հիվանդացավ, ինքը ինտերնետով դեղերը, բուժման տարբերակները նայում էր, հետո ցույց տալիս իր բժշկին, և այդ ժամանակ բժիշկները նրան շնորհակալություն էին հայտնում: Այսինքն՝ դեղ տալը դեռ չի նշանակում բուժել, քանի որ դեղ վաճառողն էլ կարող է գտնել մի բժիշկ, որն իրեն կարող է դեղատոմսեր տալ: Այսինքն՝ կարող է բժշկին ասել, որ եթե վաճառքի թիվը մեծացավ, ապա բոնուսներ կտա բժշկին, և այլն»:
 
Ադիբեկյանը գտնում է, որ այս նոր կարգավորումը հավուր պատշաճի գործելու համար մեծ ազդեցություն ունեն բիզնեսը, գրագիտությունը և բժշկի բարոյական դիրքը:
 
Ադիբեկյան էլ հավելեց, որ այսօր հնարավորություն տա առցանց տարբերակով դեղ պատվիրելու: Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ օրենքի անհրաժեշտություն կա, քանի որ կանանց ինքնասպանությունների հիմնական մասը դեղերի չափաբաժնի չարաշահմամբ է լինում:
 
«Ինձ մի թմրամոլ պատմեց, որ դեղատներում 50 դեղ կա, որից ինքը նույնիսկ տան պայմաններում կարող է թմրանյութ ստանալ: Սրանից բացի մեզ մոտ շատ տարածված է ինքնաբուժությունը, ինչը պետք է կանխարգելել, այսինքն՝ վերահսկողությունը կարող է դրական ազդեցություն ունենալ»,- եզրափակեց Ահարոն Ադիբեկյանը:
 
Աղբյուր՝ tert.am