Չեմ պատրաստվում կրկին ազատազրկվել․ Մյասնիկ ՄալխասյանԱԺ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ վարչության անդամ Մյասնիկ Մալխասյանից հետաքրքրվեցինք, թե քաղաքական ինչ ծրագրեր ունի եւ ինչպես է պատրաստվում դրանք կյանքի կոչել։
 
Նկատեցինք, որ 2008թ․ ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ ինքը նախընտրեց կանգնել ժողովրդի կողքին եւ ազատազրկվեց քաղաքական հայացքների համար։
 
«Չեմ պատրաստվում կրկին ազատազրկվել։ Իսկ քաղաքական գործունեության համար ժողովուրդը պետք է ընդունի այն, աջակցի քո քաղաքական ծրագրերին ու նպատակներին, թե չէ դու անիմաստ հո չես պայքարելու կամ զբաղվելու քաղաքական գործունեությամբ։ Պայքարդ պետք է իմաստ ունենա՞, չէ՞»,- ասաց Մյասնիկ Մալխասյանը։ 
 
ԱԺ-ում միակ ընդդիմադիր ուժը՝ «Ելք» դաշինքը, իր մուտքը քաղաքական դաշտ սկսեց աղմուկով՝ Երեւանի փողոցների անվանափոխություն են պահանջում, ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցն են ներկայացրել օրակարգում։ 
 
Հետաքրքրվեցինք, թե իրատեսակա՞ն է այսօր ԵԱՏՄ-ից դուրս գալու պահանջ ներկայացնելը։
 
Հիշեցրինք նաեւ, որ 2013թ․ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորների մի մասը կողմ քվեարկեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը։
 
«Իրենց ժողովուրդը քվե է տվել, վստահել, իրենք էլ ընտրել են այդ մարտավարությունը, այդ ծրագրերն ունեն։ Իրենց հարցրեք այդ մասին, ես իրենց փոխարեն ինչպե՞ս պատասխանեմ։ Ես այսօր նույնիսկ ՀԱԿ-ի տեղը չեմ կարող պատասխանել»։