Հորեղբայրս Հայրենական պատերազմում մնաց։ Սև թուղթն էր ստացել տատս, ուրիշ ոչինչ։ Սև թուղթը նրա համար հուշաքար էր, ամեն օր բացում ու լաց էր լինում։ Պետությունը թոշակ էր նշանակել, զոհվածի մայր էր։ Տատս ասում էր, որ դա Սմբատիս արյան փողն է։ Նրա արյան համար ինձ վճարում են։
 
-Հեշտ պյա՞նա տղա կուրցնիլը,- լացում էր,- էդ տղան պիտի մըծանար, մեզ պահեր։ Պետությունը հըսկանում, անումա․․․
 
Թոշակը հավաքում էր կարմիր-կանաչի զուգորդությամբ, մետաքս քաշած արխալուղի գրպանում, որը կախված էր պահարանի պատվավոր անկյունում։ Ասում էր, որ գնամ էն աշխարհ, էս շորը կհագցնեք։ Ասում էի՝ տատի, բա ափսոս չի՞․․․
 
Աչքերը ոլորում էր ու ասում՝ մեռնելը հարս գնալու պես մի բան է, պիտի թազա շոր հագնես։ Սմբատիս արյան փողն էլ պահում եմ, որ ինքը իր ձեռքով ինձ թաղի։
 
Մեկ- մեկ էլ այդ փողից թոռներին էր տալիս՝ Սմբատս է տվել,- ասում էր։ Մենք էլ մեր ընկերներին ասում էինք՝ մեր Սմբատ հորեղբայրն է տվել։
 
Սմբատից բացի երեք տղա ուներ, երեքն էլ լավ պաշտոնների, տատս ուզում էր․, որ Սմբատն իրեն թաղի․․․ Այդպես էլ եղավ։ Մահից առաջ ասաց, որ Սմբատի արյան փողից բացի ուրիշ ծախս չանեն։ Արյան փողից շատ- շատ մնաց, որովհետև տատս հարյուր տարի ապրեց,
 
արյան փողն էլ կաթիլ- կաթիլ գետ դառավ։
 
Հիմա․․․ ամեն ինչ փոխվել է։ Զոհված զինվորի համար մեդալ են տալիս։ Լսում ենք, որ զինվոր է զոհվել ու դեռ շունչ չքաշած՝ պարգևատրվել է մեդալով։ Դա՞ է քսան տարեկանների արյան գինը․․․Կոկոնաթափելով, թփին վարդ չի մնա․․․
 
Հիշեցնենք, որ այսօր ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից սպանվել է ՊԲ զինծառայող, 1998 թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը:
 
Հասմիկ Բաբաջանյան