Այսօր՝ փետրվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 7-րդ շենքի 4-րդ հարկում փլուզում է տեղի ունեցել և բնակիչներին տարհանելու համար անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը, և փրկարարները տարհանել են շենքի բոլոր 11 բնակչին, այդ թվում՝ 2 երեխայի, որից հետո սահմանազատել են շենքի վտանագավոր հատվածը:
 
Պարզվել է, որ փլուզվել է թիվ 7 կիսաքանդ շենքի (այն 4 հարկանի է) 4-րդ և 3-րդ հարկերի ծածկի պանելային հատվածը:  
 
Տեղում Գյումրու քաղաքապետարանի բնակարանային տնտեսության և համատիրությունների համակարգման բաժնի պետ Վարդգես Սամսոնյանի կողմից տարհանված բնակիչները տեղափոխվել են ժամանակավոր կացարան:
 
Գյումրու քաղաքապետարանը պարզում է տարհանվածների ինքնությունը: