Պոչամբարի տարողունակությունը կավելացվի՞. բնակիչները բողոքի դուրս կգան
Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատին պատկանող «Նահատակ» պոչամբարը գլխացավանք է դարձել Ախթալա խոշորացված համայնքի կազմում գտնվող Մեծ Այրում բնակավայրի բնակիչների համար:
 
Պոչամբարն օր օրի մեծանում է, դառնում ավելի ու ավելի վտանգավոր:
 
Մեծ Այրումի բնակիչ, «Համայնքային համախմբման և աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց, որ համայնքի նորընտիր ղեկավարության ուշադրությունը հրավիրում է այս խնդրին:
 
Պոչամբարը կառուցված է անմիջապես գյուղի հողամասերի և տների հարևանությամբ: Նա նշեց, որ պոչամբարը ոչ միայն վնասում է շրջակա միջավայրը, այլ եղել են նախադեպեր, երբ գյուղացիների անասուններն ընկել են պոչամբարը և սատկել:Աղտոտվել և պոչանքով են լցվել շրջակա աղբյուրները:
 
Պոչամբարը գտնվում է երկու Մեծ Այրում և Ճոճկան համայնքները կապող, ամենացածր բացարձակ նիշ ունեցող միջհամայնքային ավտոճանապարհի եզրին, որի գրունտը արդեն լվացվում է այդ ջրով: Համայնքի խմելու ջրի մեծ խողովակը հայտնվել է այդտեղ:
 
«Սոսկալի և տխուր իրավիճակ է: Այս ամենը ՏԻՄ–ի և բնապահպանության նախարարության խայտառակությունն է, նրանց անգործության արդյունքը»,– շեշտեց Դուլգարյանը:
 
«Նահատակից» կրած վնասների չափն այսքանով չի սահմանափակվում: Պոչամբարում պարունակվող թունավոր նյութերից նաև գյուղացիների առողջությունն է քայքայվում: Օլեգ Դուլգարյանն այդ ամենը սեփական մաշկի վրա է զգացել:
 
«Երբ շատ մոտ եմ կանգնած լինում պոչամբարին, շնչառությունս դժվարանում է, շատերի մոտ է այդպես:
 
Մարդիկ գլխացավերից են բողոքում: Մարդկանց ճակատի շրջանում ծակոցներ են սկսվում»,– ներկայացրեց մեր զրուցակիցը:
 
Վերջին տարիների ընթացքում պոչամբարը մի քանի անգամ ամրացվել է՝ ավելացել է տարողությունը:
 
Այսօր համայնքում լուրեր են պտտվում, որ կրկին «Նահատակ» պոչամբարի պատվարի ամրացումներ են սպասվում, որպեսզի տարողունակությունն ավելացնեն: Ախթալայի կոմբինատին պատկանող երեք պոչամբարներն այս տարածաշրջանում ունեն ռեկուլտիվացիայի խնդիր: Այս պոչամբարը 5 տարուց ավելի է օգտագործվում, բայց Օլեգ Դուլգարյանի խոսքով, ոչ մի անվտանգության նորմ այստեղ չի նախատեսվել:
 
Արդյունքում բազմաթիվ խախտումներ են եղել:
 
«Մենք պետք է պայքարենք, որովհետև դա վտանգում է մի ամբողջ գյուղի կյանք: Պետք է փակվի և ռեկուլտիվացվի պոչամբարը»,– պնդեց նա:
 
Պոչանքը հոսելով իջնում է ներքև և թափվում Դեբեդ գետը: Իսկ այդ պոչանքներում առկա են այնպիսի ծանր մետաղներ, ինչպիսիք են պղինձը, ցինկը, թորիումը:
 
Գյուղացիները երկար ժամանակ պայքարել են՝ պահանջելով փակել պոչամբարը:
 
Պատկան մարմինների ղեկավարներին նրա ուղղված բազմաթիվ նամակներն անպատասխան են մնացել:
 
Այսօր «Համայնքային համախմբման և աջակցման կենտրոն» ՀԿ նախագահը կրկին հիշեցնում է՝ Ախթալայի ղեկավարության թիվ մեկ խնդիրը պետք է լինի «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացիայի և փակման հարցը:
 
Նրա խոսքով՝ նորընտիր ավագանին իր հերթին չպետք է սոսկ ձեռք բարձրացնող և ստորագրող լինի, այլ որոշումներ կայացնի հօգուտ համայնքների: