Գիտե՞ք ինչքան ծանր է, երբ քեզ ընկերության հայտ է ներկայացնում 20-ամյա մի զինվոր։ Բացում ես էջը, տեսնում, որ հայտ ներկայացնողը ոչ թե զինվորն է, այլ նրա մայրը։ Մայր, որ զինվոր որդու զոհվելուց հետո ապրում է որդու կյանքով, միաձուլվում նրա ճակատագրին։ Ու ֆեյսբուքյան էջում ներկայանում է ոչ թե իր, այլ որդու նկարով։
 
Մայրն իր որդու կորստից հետո կորցնում է սեփական եսը, դեմքը, կերպարանքը ու ապրում է նրա ընդհատված կյանքով։
 
Այսօր ևս մի գրառում ստացա՝ 20-ամյա զինվորի նկարով։ Իսկ գուցե հենց զինվորն է գրում,- մտածեցի, բայց երբ տեսա, որ 20-ամյա զինվորի մայրն է՝ Անուշ Հակոբյանը, մարմնովս դող անցավ, ինչպես ամեն անգամ, երբ զոհված զինվորի նկարի տակ մորն եմ տեսնում։ Սիրելի Հասմիկ,- գրում է․․․ Ասես 20-ամյա մեր կոկոնների լռած ձայնի անդրադարձը լինի։
 
Արձագանքում է զինվորի մասին գրված իմ մտորմանը և ավելացնում․
 
«Հորեղբայրս 17 տարեկանում զոհվել է Հայրենական Մեծ պատերազմում; Տատիկիցս անցած ամբողջ վիշտն ու ցավը մնաց իմ մանկության հուշերում, ու ես դարձա այդ վշտի կրողը;;.... Ու իմ միակ որդին հերոսի մահով ընկավ Մարտունիում, հայրենի հողը պաշտպանելիս՝ 2016 թվ. ի հունվարի 9 ին»։
 
Բացում եմ էջը․ ինքը չկա, միայն իր զինվոր որդին է․ սերը, կարոտն անափ է․
 
Բարև՛, իմ կարո՛տ, ես գիտեմ՝ դու կաս՛,
 
Դու իմ սրտու՛մ ես ու իմ հոգու՛ մեջ,
 
Գիտե՛մ, իմ կարոտ՝ ինչ տեսք ունե՛ս դու,
 
Գիտեմ ես նույնի՛սկ գույնը աչքերիդ,
 
Անու՛նդ գիտեմ, իմ ցավո՛տ կարոտ...
 
Հպարտ Հայուհի
 
Այս պարագայում անհնար է չմտածել՝ զոհված զինվորից հետո մի ողջ ընտանիք, գերդաստան զինվորագրվում է, անկախ իրենց կամքից․․․ նրանք սկսում են ապրել, մտածել այնպես, ինչպես իրենց տղան, եղբայրը, որդին,ընկերը, սիրած տղան է ապրել․․․
 
Իսկ մայրը․․․ Մայրը ապրում է իր որդու ընդհատված կյանքով, նրա անունով, նկարով, սիրով․․․
 
Հասմիկ Բաբաջանյան