Այնպիսի տպավորություն է, որ սերը մեծ-մեծ բաներ նվիրելու մեջ է։
 
Սովորական է դարձել յուրաքանչյուր տոն կամ ծննդյան օր հարցնել «մեր լուսափայլերին»՝ ի՞նչ նվիրեց ձեզ ձեր ամուսինը։ Հարցնել ու «բերանը բաց» սպասել․․․
 
Ծաղկեփնջերի մեծությամբ ու նվերների չափով ենք սկսել սերը, երջանկությունը չափել։
 
Թվում է, թե վատ բան չի հայտնիների, հարուստների ապրելակերպը լուսաբանելը՝ շքեղությունից կուրացնելով շրջապատը, բայց գոնե մի անգամ փորձե՞լ եք ներկայացնել մի ընտանիք, որտեղ թագավորում է սերը՝ դղյակներից դուրս։ Որտեղ նվերը չափվում է սրտի մեծությամբ։ Գուցե փոքր բան է սա թվում, բայց մարդկային արժանիքներն այս կերպ դուրս են մղվում՝ տեղ տալով նյութին։ Մենք նյութականացել ենք, չափման արժեքները փոխվել են ու այն, ինչ չի չափվում, արդեն քչերին է հետաքրքրում։ Բայց իրականում դրա մեջ է երջանկությունը, սերը։ Մտորումներիս առիթը մոտեցող մարտի 8-ն է։ Ու արդեն որերորդ կնոջ շուրթերից լսում եմ՝ էսինչից ես ինչո՞վ եմ պակաս, որ ինձ համար ադամանդ չգնի․․․ Կամ՝ կերևա թե ինչքան է ինձ սիրում։
 
Գուցե հազար քարոզ այս մի հատիկ գրառմանը չփոխարինի․
 
Jemma Barnasyan
 
Այսօր մայրիկիս հիշատակի օրն է...
 
«Հայրս ողջ կյանքում բանաստեղծուհի մայրիկիս ծաղիկներ է նվիրել։ Հպարտ եմ, որ այդպիսի Մեծ սիրո ծնունդ եմ... Նրանց ռոմանտիկ սերը զարդարել է իմ ու զավակներիս մանկությունը։ Նրանց ճանաչողները, անկասկած, նույնը կասեն»։
 
ՀԳ Չոր բառեր են, բայց դրանց տակ մի ողջ երջանիկ մանկություն կա։ Ծնողները Սեր են կտակել ժառանգներին, մեծ Սեր։ Իսկ հիմա մենք սեր ենք փնտրում այնտեղ, ուր անշունչ առարկաներ են։
 
Հասմիկ Բաբաջանյան