Կարդում եմ առողջապահության նախարարության տեղեկատվությունը․
 
«Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում մահացել է «կապույտ հազ» ախտորոշմամբ 2 ամսական երեխա: Ըստ աղբյուրի, երեխան, ինչպես և ընտանիքի մյուս 2 երեխաները ծնողների հրաժարվելու պատճառով կապույտ հազի դեմ չեն պատվաստվել»:
 
Ուզում եմ հասկանալ, չեմ կարողանում։ Նշվում է, որ հիվանդությունը փոքրիկի մոտ սկսվել է մոտ 1 ամիս առաջ։ Այսինքն երեխան եղել է մեկ ամսական, երբ վարակվել է։ Առողջապահության նախարարությանն եմ հարցնում՝ մեկ ամսական երեխային պատվաստու՞մ են կապույտ հազի դեմ։
 
Պատվաստումները ներարկում են 5-6 ամսական երեխաներին, եռանվագ՝ 30-45 օր ընդմիջումով։ Այնուհետև կատարում են կրկնապատվաստումներ մինչև 7 տարեկանը։ Նման դեպքում մեկ ամսական երեխան ինչպե՞ կարող էր պատվաստվել։ Ուղղակի զավեշտալի է, երբ տեղեկացվում է, որ երեխան, ինչպես և ընտանիքի մյուս 2 երեխաները ծնողների հրաժարվելու պատճառով կապույտ հազի դեմ չեն պատվաստվել։
 
Վերջում էլ թե՝
 
Ծնողներին հորդորում ենք ամենայն լրջությամբ վերաբերվել պատվաստումներից հրաժարմանը։ Դա կարող է ամենաանցանկալի հետևանքն ունենալ։ Պետք է հիշել, որ պատվաստումով կարող եք կանխել հիվանդությունը և դրանից սպասվող բարդությունները։
 
Երկու ամսական երեխայի մահո՞վ է հիմնավորվում պատվաստման կարևորությունը։ Երկրորդ մասին՝ կապված մյուս երեխաների հետ, չեմ անդրադառնում, քանի որ երբ հիմքը խախուտ է, պատ չեն դնում․․․
 
Հասմիկ Բաբաջանյան