SpaceX-ի նորագույն շարժիչը պայթել է փորձարկումների ժամանակՆորագույն Merlin շարժիչը, որն օգտագործվում է Falcon 1 և Falcon 9 հրթիռներում և որը պլանավորվում էր տեղադրել Falcon Heavy-ում, պայթել է փորձարկումների ժամանակ: Այս մասին հայտնում է Gizmodo-ն:
 
Տիեզերական տեխնիկա արտադրող SpaceX ամերիկյան ընկերության ներկայացուցիչների համաձայն՝ այժմ անցկացվում է վթարի պատճառների մանրակրկիտ ուսումնասիրություն: Ընդ որում՝ շարժիչի պայթյունը չի ազդի հրթիռների արձակման գրաֆիկի վրա:
 
Դրանից բացի, ընկերությունը շարունակում է Block 4-ի և Falcon 9-ի շարժիչների փորձարկման ծրագիրը: Որակավորված փորձարկումները դադարեցվել են միայն Block 5-ի համար, որը դեռ չի օգտագործվել հրթիռներ արձակելու համար:
 
Աղբյուրի հաղորդմամբ՝ Falcon Heavy գերծանր հրթիռի առաջին արձակումը պլանավորված է 2017 թվականի նոյեմբերին: SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը ենթադրում է, որ արձակումն, ամենայն հավանականությամբ, անհաջող կլինի, ինչի պատճառը 27 շարժիչների համաժամանակյա աշխատանքի անհրաժեշտությունն է:
 
«Այնտեղ շատ բաներ կարող են սխալ ընթանալ», - ասել է Մասկը:
 
Հայտնի է, որ Falcon Heavy-ն «աշխարհի հզորագույն հրթիռն է», և դրա արձակման համար կպահանջվի մոտ 120 միլիոն դոլար: