ՀԱՅ ՏԱՏԻԿԸ ՉԻ՞ ԱՍԻ՝ ԵՍ ԻՄ ԹՈՌՆԻԿԻՆ ԱՂՋԿԱՍ ՓՈՂՈ՞Վ ՊԻՏԻ ՊԱՀԵՄ․․․Տնտեսագիտական խորը գիտելիքներ պետք չեն, որպեսզի առաջին հայացքից հասկանանք, որ դայակի ինստիտուտը, որ ստվերային ձևով գործում է Հայաստանում, հարկային դաշտ է բերվում։ Դե, եթե պայմանագիր է կնքվում կողմերի միջև ու փաստորեն աշխատավարձ է տրվում դայակին, ուրեմն այդ աշխատավարձը հարկվելու է։ Սա է ձևակերպումը․
 
«Այն կինը, որը գտնվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ստանում է 18 հազար դրամ, սակայն եթե այդ կինը ցանկանում է վերադառնալ աշխատանքի, իսկ երեխայի խնամքի համար վարձում է դայակ, ապա պետությունը վճարում է այլ դայակի աշխատավարձի 50 տոկոսը: Այդ գումա­րը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավար­ձը: Այսինքն՝ այդ դայակի աշխատավարձը 110 հազար դրամ է, պետությունը վճարում է 55 հազար դրամը, մնա­ցած գումարը վճարվում է ծնողի կողմից»։
 
Պետության վճարելիք 55 հազար դրամից 18 հազարը վերադարձվեց պետությանը, որովհետև աշխատող մայրը վերադառնում է աշխատանքի ու այլևս չի ստանա այդ գումարը։ Հարկումը՝ 26, 6 տոկոս, կկազմի մոտ 29 հազար 260 դրամ, էլի վերադարձվում է պետությանը։
 
Հասկանալ է պետք՝ պետությունն այստեղ որևէ ներդրում անու՞մ է, թե՞ նպաստներից կսմթելով, ինչ- ինչ բաներից ելնելով, եվրոպական ստանդարտներին է նմանակում։
 
«Եթե վարձու աշխատանք է պայմանագրում ձևակերպվում», ապա պետք է հասկանալ, որ տատիկը «երեխային դայակություն անելու դեպքում» հայկական սովորությամբ, իր աղջկանից դրամ չի վերցնի։ Դա գիտեն նաև օրենք հրամցնողները։ Տատիկը դրամ չի վերցնի, բայց աղջկա պայմանագրով ձևակերկպված դրամը տեղը տեղին կհարկվի։ Մյուս կողմից՝ օտար դայակին նման պայմանագրով աշխատելը «ձեռք չի տա», քանի որ հարկվելուց հետո «տակը չնչին բան կմնա» և կրկին կառաջանա ծնողի կողմից դայակին «շահելու փաստը»։ Այսինքն դայակին լրացուցիչ դրամ կտրվի։
 
Մի խոսքով հայկական իրականության մեջ դայակին օրինական դաշտ մտցնելուց զատ այս օրենքն իր մեջ պարունակում է հոգեբանական նրբությունների խուրձ։ Արդյո՞ք հայ ընտանիքը նման պարագայում չի՞ խարխլվի։ Դեռևս չեմ ուզում շատ բան բարձրաձայնել։ Բայց միայն մի բան․ հայ տատիկը չի՞ ասի՝ ես իմ թոռնիկին աղջկաս փողո՞վ պիտի պահեմ ու այդ փողից էլ հա՞րկ տամ պետությանը։ Պետության տված փողը հասկացանք ինչպես է առաջանում։ Լրացուցիչ ծախս չի կատարում։
 
Ամեն դեպքում օրենքով ոգևորվելու փոխարեն հարկ է այն «մի քանի լույսի միջով անցկացնել»։ Շատ-շատ հարցեր կծագեն, որոնք հիմա երևելի չեն։
 
Այս օրենքը կայացնելուց պետությունը չի տուժում, «առանց տնտեսագիտական զննման» երևում է այն գումարը, որը կհատկացվի դայակին։ Առաջին հայացքից այն գայթակղիչ է։ Մտածենք նաև առաջին հայացքից գայթակղիչ լինելու հետևանքների մասին․․․
 
Հասմիկ Բաբաջանյան