Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 11-ին հայտարարություն, տեսանյութ եւ լուսանկարներ էր տարածել սահմանագոտում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի այրվելու մասին:Նրանք մեկնաբանել են, թե իբր փետրվարի 11-ի առավոտյան, օգտվելով մառախուղից, հայկական հետախուզական-դիվերսիոն խումբը, մտադրություն ունենալով ճեղքելու Ղազախի շրջանում գտնվող ադրբեջանական դիրքերը, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով փորձել է մոտենալ ադրբեջանական հենակետերին, սակայն դիտարկման հատուկ տեխնիկական միջոցներով ադրբեջանական զինուժը դա հայտնաբերել, կանխել է, հայ հետախույզ-դիվերսանտներն իրենց ՈՒԱԶ-ը թողել են, նահանջել, վերջիններիս արձակած կրակոցներից «ՈւԱԶ»-ը այրվել, ոչնչացել է:
 
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, հերքելով Ադրբեջանի ՊՆ-ին, փետրվարի 12-ին ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է հետեւյալ գրառումը. «Միայն ադրբեջանցիների պատկերացմամբ հայ դիվերսանտները սպիտակ համարներով «ՈւԱԶ»-ով կգնային դիվերսիայի: 
 
Իսկ մեքենան ինչո՞ւ է հետեւով նկարված, կամ եթե նկատել եք մեքենան, բա դիվերսանտներն ո՞ւր են»: Ի՞նչ է եղել իրականում: Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչը, մոտ 30 տարեկան, փետրվարի 11-ին իր «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով միայնակ գնացել է Գոգվելի կոչվող տարածք` իր տան համար վառելափայտ բերելու: Բերդավանի բնակիչներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երիտասարդն «ՈւԱԶ» ավտոմեքենան վերջերս է գնել Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչներից մեկից` վճարելով մեկուկես միլիոն դրամ: Բերդավանցին իր պատրաստած վառելափայտով ավտոմեքենայով գյուղ վերադառնալիս, երեւի մառախուղի պատճառով, շփոթել է ճանապարհները եւ հայտնվել ադրբեջանական դիրքերի առաջ:
 
Որոշ տեղեկություններով` նրա ավտոմեքենայի գազի բալոնի մեջ վառելիքը սպառել է, եւ երջանիկ պատահականությամբ ավտոմեքենան չի հասել ադրբեջանական դիրքերին: Ադրբեջանական հենակետերից ավտոմեքենայի վրա ուժեղ կրակ են բացել: Բերդավանցի երիտասարդը թողնելով ավտոմեքենան` փախել է, վերադարձել իր գյուղ: Ավտոմոքենան կրակոցներից ոչնչացել է: Այս միջադեպը բազմաթիվ հարց է առաջացնում: Սահմանամերձ գյուղի բնակիչն ավտոմեքենայով անցնել է հայ-ադրբեջանական սահմանը պաշտպանող հայկական դիրքերի միջեւ ընկած տարածքով, եւ սահմանապահներն այն չեն նկատել:
 
Եթե սահմանի այդ հատվածում մարտական հենակետեր չկան, ապա տարածքը պետք է ականապատ լիներ: Եթե բերդավանցին կարողացել է աննկատ հատել սահմանը, ապա ադրբեջանական դիվերսիոն խումբն էլ կարող է հայկական տարածք մտնել: Ցանկացած դեպքում, տեղի ունեցած միջադեպը լուրջ մտահոգությունների եւ հետեւությունների հիմք է տալիս: