Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ ավարտվել է Դավիթ Մ.-ի գործի դատական քննությունը:
 
33-ամյա Դավիթին մեղադրանք էր առաջադրվել իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջը խոշտանգելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119  հոդվածի1-ին մասով:
 
Տուժող Ալլան (անունը փոխված է) Դավիթի 4 անչափահաս երեխաների մայրն է:
 
Դավիթ Մ.-ն, լինելով 33 տարեկան, հասցրել է նախկինում դատապարտվել… 5 անգամ: Վերջին երկու դատվածությունները մարված չեն:
 
Դատարանը հաստատված է գնահատել հետևյալ փաստական հանգամանքները:
 
2008 թվականից Դավիթ Մ.-ն փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է եղել Ալլա Հ.-ի հետ, համատեղ կյանքի ընթացքում ունեցել են չորս երեխա:
 
2016 թվականի դեկտեմբերից Դավիթի ու կնոջ հարաբերությունները լարվել են: Դավիթը ալկոհոլի ազդեցության տակ կնոջը պարբերաբար ծեծել է:
 
Հերթական անգամ, ըստ դատական ակտի, 2017 թվականի նոյեմբերի 8-ին, ժամը  21-ի սահմաններում Դավիթը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իրենց տանը՝ չորս անչափահաս երեխաների ներկայությամբ, վիճել է կնոջ հետ, քաշքշել է նրա հագուստներից, հայհոյանքներ է տվել:
 
Կինը, չցանկանալով վիճաբանությունը շարունակել, փորձել է տանից դուրս գալ: Բայց Դավիթը կանգնել է դռան առաջ ու թույլ չի տվել:
 
Նա շարունակել է իր հակաիրավական գործողությունները՝ քաշքշել է կնոջ հագուստից ու ձեռքերից, կնոջը այդպես քաշքշելով՝ տարել է լոգասենյակ, մատնացույց է արել ժավելի տարան ու ծաղրանքի ենթարկելով կնոջը՝ պահանջել է, որ նա խմի ժավելն ու մեռնի:
 
Կնոջ նկատմամբ Դավիթի բռնությունը տևական ժամանակ շարունակվել է, նա կնոջը հոգեկան տառապանք է պատճառել: Կինը, լինելով այդ տառապանքի ազդեցության տակ, նույնիսկ պահի տակ ցանկացել է խմել ժավելի տարայից, այն վերցրել, մոտեցրել է բերանին, բայց տարան դատարակ է եղել…
 
Դավիթը, ըստ դատական ակտի, «շարունակել է զվարճանալ ու ծաղրել» Ալլային՝ առաջարկել է, որ նա ջուր լցնի ժավելի տարայի մեջ, խառնի ու ժավելի մնացորդների հետ խմի:
 
Ալլան ստիպված է եղել զանգահարել իր մորը ու խնդրել, որ նա ահազանգի ոստիկանություն:
 
Ոստիկանների ժամանելուց հետո միայն Դավիթ Մ.-ն դադարեցրել է կնոջ խոշտանգումը:
 
Դատարանում Դավիթ Մ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ 2016 թվականի դեկտեմբերից սկսած՝ հաճախ է վիճել կնոջ հետ, նրան ծեծել է, բայց նա չի բողոքել, ինքն էլ պատասխանատվության չի ենթարկվել:
 
Դեպքի օրը կնոջ հետ երեխաների ներկայությամբ վիճել է՝ նրա կողմից հեռախոսով զանգելու հետ կապված: Վիճաբանության ընթացքում Ալլան հայտնվել է «բորբոքված, հիստերիկ, հոգեպես անհավասարակշիռ վիճակում,  ասել է, թե գնում է՝ ժավել խմի: Ինքն էլ նրան ասել է՝ ինձ համար մեկ ա, ինչ անես՝ քեզ կանես…»:
 
Ալլան վերցրել է ժավելի տարան, ցանկացել է խմել, բայց տարան դատարկ է եղել: Դրանից հետո իրենց տուն են եկել ոստիկանները, վեճը դադարել է:
 
Դավիթ Մ.-ն հայտնել է, թե զղջում է կատարվածի համար, եթե հարբած չլիներ՝ այդ քայլին չէր գնա:
 
Տուժող կինը հայտնել է, որ Դավիթի հետ համատեղ ամուսնական կյանքով ապրել է 2008 թվականից: Իրենց ամուսնությունը չեն գրանցել: Համատեղ կյանքի ընթացքում 4 երեխա են ունեցել…
 
Ալլա Հ.-ն ասել է, որ վերջին շրջանում Դավիթն իրեն հաճախ է ծեծի ենթարկել, ինքը նույնիսկ մի քանի անգամ բողոքել է, բայց հետո նրան խղճացել ու բողոքը հետ է վերցրել՝ հանուն… երեխաների…
 
Դեպքի օրը Դավիթը հարբած եկել է տուն և իր հետ սկսել է վիճել՝ իբր իր կողմից բբջային հեռախոսով շատ խոսելու պատճառով:
 
Նա հայհոյանքներ էր տալիս, քաշքշում էր իր հագուստից… Դավիթն է իրեն քաշելով տարել լոգասենյակ, ցույց է տվել ժավելի տարան ու պահանջել է, որ ինքը ժավել խմի ու մեռնի:
 
Ինքը Դավիթի գործողությունների պատճառով հայտնվել է նյարդային, նեղված, հոգեպես ծանր վիճակում, հուզվել է նրա արարքներից, դարձել է անկառավարելի՝ վերցրել է ժավելի տարան ու ցանկացել է խմել, բայց տարայի մեջ ժավել չկար:
 
Դավիթը միայն ծիծաղել է իր վրա: Նա ծաղրելով առաջարկել է տարան ջրով ողողել ու խմել…
 
Ինքը խիստ հուսահատված վիճակում զանգել է մորն ու խնդրել է ահազանգել ոստիկանություն:
 
Մայրը զանգել է ոստիկանություն, ասել է, թե փեսան աղջկան փակել է տանն ու ստիպում է ժավել խմել… Ոստիկանների գալուց հետո Դավիթը հանդարտվել է…
 
Դատարանում Ալլա Հ.-ն պնդել է, որ բողոքում է Դավիթ Մ.-ից, ցանկանում է, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության:
 
Ժավելի հինգ լիտրանոց տարան գործով իրեղեն ապացույց է ճանաչվել:
 
Դատարանը հաշվի է առել, որ Դավիթ Մ.-ի խնամքին են չորս անչափահաս երեխաներն ու մինչև երեք տարեկան երեխային խնամող կինը՝ գործով տուժողը: Երկու երեխաները ութ տարեկան են, մեկը՝ հինգ տարեկան, կրտսերը՝ երկու տարեկան:
 
Դատարանը հաշվի է առել նաև, որ Դավիթ Մ.-ն ունի երկու չմարված դատվածություն:
 
Դատարանն արձանագրել է հանցագործությունների կատարման ռեցիդիվ՝ Դավիթ Մ.-ի կողմից, ինչպես նաև՝ պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է գնահատել արարքը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:
 
Դատարանն արձանագրել է, որ 2017 թվականի հուլիսի 31-ին Դավիթ Մ.-ն այլ գործով դատապարտվել է տուժողի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ 2017 թվականի դեկտեմբերի 6-ին նա դատապարտվել է սուտ մատնություն կատարելու համար:
 
Հանցանքների համակցությամբ Դավիթ Մ.-ն վերոհիշյալ հանցավոր արարքների համար դատապարտվել է 5 տարի 9 ամիս ազատազրկման:
 
Այս գործով դատարանը Դավիթ Մ.-ին մեղավոր է ճանաչել կնոջը խոշտանգելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասով, դատապարտել է  2 տարի ազատազրկման, դրան  դատարանը մասնակիորեն գումարել է վերջին դատավճռով նշանակված՝ 5 տարի 9 ամիս ազատազրկումը, վերջին հաշվով Դավիթ Մ.-ն դատապարտվել է 6 տարի ազատազրկման:
 
Պատժի սկիզբը՝ 2017 թվականի դեկտեմբերի 6-ից:
 
Աղբյուր՝ 1in.am