Բնությունն իր դրոշմն է թողնում մարդու վրա։ Լոռու բնությունը այնպիսի մարդիկ է կերտել, ովքեր բնության շունչն են եղել։
 
Ո՞վ չի զարմացել Թումանյանի մեծությամբ ու պարզությամբ։ Հանճարեղությամբ և ամիջականությամբ։ Անհասանելիությամբ ու անկեղծությամբ։ Շատ եմ փորձել մեծության խորհրդավորությունը հասկանալ։ Վերջնակետում հասկացել եմ, որ հուզում է անկեղծությունը, պարզությունը, ակունքներին մոտ լինելը։ Եթե դու բնությունից պոկված մի մասնիկ չես՝ քո մեջ ամփոփած հարազատ ձորերդ, մարդկանց սրտերի հետ չես կարող խոսել։
 
Սևակ Խանաղյանը կամ ինչպես նրան կոչում են մտերիմներն ու ընկերները՝ Սևան, ծնվել է Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի Մեծավան գյուղում։ 7-րդ դասարանում Սևակն իր ընտանիքի հետ մեկնում է Ռուսաստան: Բայց ինչպե՞ս կարող էր մանկական հիշողության մեջ չարմատավորվեր հայրենի գյուղի լեռնաշխարհը՝ հովը, քամին, ջուրը, կանաչը․․․ Մեծավանի հյուսիսում տարածվում են Վիրահայոց լեռները, որոնք ձգվում են մինչև Դեբեդի խոր կիրճը: Այս ամենը Սևակն իր հետ վերցրել է, ուր էլ գնացել է։ Բայց ամենակարևոր բանը,որ նա վերցրել է Լոռվա բնաշխարհից՝ անկեղծությունն է։ Ու երբ հարցնում են՝ ինչո՞վ կարելի է հուզել այսօր աշխարհին, պատասխանում է՝ անկեղծությամբ։ Մտածում եմ՝ անկեղծությունը վերցրել է իր լեռնաշխարհից, բայց հարցազրույցները լսելով, ինչպես Բանաստեղծը կասեր․
 
Հոնքերդ հպարտ ու կամար
 
Հանց վեհ տաճարները հայոց
 
Հայացքդ մաղում է ամառ.
 
Հայքից են աչքերը քո բոց,
 
Հոնքերդ հպարտ ու կամար...
 
Իջնում ես հայոց լեռներեն
 
Ինչպես թեթևոտ մեր պախրան,
 
Նայացքդ այնպես նաիրյան
 
Հմայքդ այնպես հայերեն՝
 
Իջնում ես հայոց լեռներեն:
 
Ինչու՞ չես խոսում հայերեն։
 
Հարցազրույցներում շատ եմ լսել՝ ներողություն է խնդրում, որ ասուլիսում պիտի խոսի ռուսերեն, հայերեն հիանալի հասկանում է, բայց սահուն չի խոսում։ Թվում է, թե հայերենով չխոսելը փոքրիկ տարր է, բայց այն կլրացներ ձայնը, ավելի զորեղ կդարձներ, որովհետև, ինչպես ինքն է Ինստրագրամի էջում գրառում՝ ուրախ է, որ հայ է․․․Մի տեսակ վիրավորական է, երբ հայը Հայաստանում հայերեն չի խոսում։ Թեկուզ ոչ սահուն, բաց խոսեր։ Առավել ևս, երբ իր մանկությունն անցկացրել է Հայաստանում, երբ Հայաստանն է ներկայացնելու։ Սա քննադատություն չի, այլ ազգայինի հետ կապված ավելի նուրբ հարց, որը դժվար է բառերով բացատրել․․․
 
Հետաքրքիր է, Սևակի փոքրիկ տղան՝ Բագրատը գիտի՞ հայերեն․․․
 
Սա ավելի կարևոր խնդիր եմ համարում, քան Եվրատեսիլ գնալը։
 
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2018» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Սևակ Խանաղյանը։ Միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում՝ հաղթող ճանաչվեց Սևակ Խանաղյանն իր «Քամի» երգով։ Նա վաստակեց 24 միավոր:
 
ՀԳ Ամեն դեպքում շնորհակալ լինենք մարդկանց, ովքեր ծնվել են ամերիկաներում, բայց խոսում են հայերեն ու իրենց երեխաներն էլ, թոռներն էլ մաքուր խոսում են հայերեն։
 
Հասմիկ Բաբաջանյան